Վրաստանի կառավարության լրացուցիչ փոխհատուցումը Վիրահայոց թեմին
Վրաստանի կառավարության վարչությունում կայացավ Կրոնի հարցերով պետական գործակալությանն առընթեր կրոնական միությունների գույքային և ֆինանսական հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը, որին ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ թեմի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի ընկերակցությամբ: Հանձնաժողովը քննարկեց կրոնական կազմակերպությունների կողմից գույքային – ֆինանսական հարցերի կապակցությամբ առաջարկությունները: Վիրահայոց թեմը ներկայացրել էր Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին և Թեթրիծղարոյի հայոց եկեղեցում վերանորոգչական աշխատանքների նպատակով դրամական աջակցություն ստանալու դիմում:
Վիրահայոց թեմի երեք հայտերն էլ ստացան դրական պատասխան:
Վրաստանի 2020 թվականի պետական բյուջեից «կրոնական միություններին խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցման նպատակով» հատկացվել էր 4,5 մլն. լարի, որից 3,5 մլն լարին բաշխվել էր Վրաստանի իսլամական թեմին, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին, Վրաստանի հռոմեական կաթոլիկ թեմին և Վրաստանի եբրայական (հրեական) թեմին:
Վիրահայոց թեմը Վրաստանի կառավարությունից ստացել էր 600 000 լարի:
Պետական բյուջեի գումարից տնտեսված 1 մլն լարին նույնպես համամասնորեն բաշխվեց վերոհիշյալ կրոնական միություններին, ընդորում Վիրահայոց թեմին լրացուցիչ կարգով հատկացվեց 200 հազար լարի: