Զորակցության աղոթք Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում
2020 թվականի հոկտեմբերի 23-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Արցախում զոհվածների հոգու խաղաղության համար: Այնուհետև հոգևոր դասը ծնկաչոք աղոթք բարձրացրեց՝ հայցելով խաղաղություն Հայաստանում և Արցախում, զորակցություն` Արցախի պաշտպանության դիրքերում կանգնած հայրենակիցներին, հայրենյաց պաշտպաններին:
Զորակցության աղոթքին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վրաստանի Մկրտական եկեղեցու եպիսկոպոս Ռուսուդան Գոցիրիձեն:
Հավարտ աղոթքի հգշ. Տեր Կիրակոս վարդապետը անդրադարձ կատարեց հայոց պատմության էջերին, թուրք ենիչերիների կողմից հայ ժողովրդի դեմ վարած պատերազմներին, հիշատակեց 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը, որի շարունակությունն է Թուրքիայի և արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի որդեգրած հայատյաց քաղաքականությունը, որը ներառնում է ոչ թե պատմական Արցախի բռնագրավում, այլ «հայ ժողովրդի ոչնչացում, հայոց աշխարհի բնաջնջում»:
Վիրահայոց թեմի առաջնորդը հորդորեց թբիլիսահայությանը աջակցել սահմանի վրա կռվող հայ զինվորին, սատար կանգնել Հայաստանում ապաստանած արցախցի երեխաներին, կանանց և ծերերին, աղոթել խաղաղության համար: Թեմակալ առաջնորդը կոչ արեց մասնակցել եկեղեցիներում կատարվող խաղաղության և զորակցության աղոթքին և իրենց ներդրումը կատարել բոլոր եկեղեցիներում կազմակերպված շարունակական հանգանակությանը՝ ի զորակցություն Արցախի հաղթանակի: