Материалы

Տարեմուտի յուրօրինակ միջոցառում Ախալքալաքում

Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում 2021 թվականի տարեմուտի ավանդական եռուզեռը և Ամանորյա տրամադրությունն իր սովորական փայլը չուներ: Այս տարածաշրջանի բնակչությունը նույնպես պարուրված էր պատմական հայրենիքին պատուհասած ցավի մեջ, սգում էր անհավասար ու դաժան պատերազմում զոհված հազարավոր երիտասարդների կորստի կսկիծը, որոնց շրջանում նաև այս հող ու ջրի հերոս զավակներն էին:

Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Գումբուրդոյի փոխանորդ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախաձեռնությամբ, որպես Ամանորի ամփոփիչ և Սուրբ Ծննդի ոգևորիչ միջոցառում, կազմակերպվեց «Մենք» խորագրով գողտրիկ հանդիպումը, որը դարձավ բարու հաղթանակի և միմյանց սեր ու բարեկամություն նվիրելու ջատագով:

2020 թվականի դեկտեմբերի 31-ին միտրոպոլիտի թանգարանային համալիրի պատկերասրահում բացվեց հայ գեղանկարիչ Հայկ Մելիքյանի, վիրահայ այլ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը և ցուցադրվեց հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Մենք» վավերագրական ֆիլմը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մշակույթի և արվեստի գործիչներ:

Բացելով միջոցառումը, միտրոպոլիտ Նիկոլոզը անդրադարձ կատարեց քրիստոնեական ուսմունքի միմյանց սիրելու գաղափարին, արժևորելով այն որպես աշխարհի և մարդկության հարատևության հիմնաքար, կոչված մարդկությանը համախմբելու առաքելությամբ, որի հիմքում մենք ենք՝ բոլորս միասին: Միտրոպոլիտը բարձր գնահատելով հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հայ ժողովրդին նվիրած «Մենք» վավերագրական ֆիլմի գաղափարը, ընդգծեց, որ այսօր այդ մենքը՝ աշխարհասփյուռ հայությունն է, որի մասն է նաև Ջավախքի հայազգի բնակչությունը: Ազգի և ժողովրդի անմահությունը հաստատող, դժվար օրերի անցողիկությունը վավերացնող խորը բովանդակությամբ ֆիլմի ցուցադրության նպատակն է Անմանորի նախօրեին ամենուրեք ստեղծել լավատեսության որոշակի տրամադրություն,- իր խոսքում ընդգծեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու փոխանորդը:

Ներկաներին ողջունեց նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, մաղթելով, որ գալիք 2021 թվականը երկու քրիստոնյա երկրների համար դառնա խաղաղության, երկիր մոլորակում տարածված համավարակը հաղթահարելու, առաջընթացի, ստեղծարար աշխատանքների հաջողությունների տարի:

Վիրահայոց թեմի առաջնորդն իր օրհնությունը բաշխելով ներկաներին, գնահատանքի խոսքում ընդգծեց, որ Ամանորը հայ քրիստոնյայի համար պահքի ժամանակաշրջան է և այն ոչ թե միայն խնջույքի և ուրախության, այլ երկրի խաղաղության, նահատակների հոգու հանգստության, ընտանիքների հաջողության համար աղոթքի ժամանակաշրջան է: Քրիստոնյայի համար իսկական տոնը Սուրբ Ծնունդն է, որն իր հետ բերում է հույս, լույս և նվիրում՝ ապրելու հավատքով, Սուրբ Եկեղեցով և միմյանց սեր նվիրելով: Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկաներին շնորհավորեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան գալիք տոնի առիթով:

Տարեմուտին նվիրված համեստ միջոցառումը դարձավ առաջընթացի և հաղթանակների մաղթանքներով նոր՝ 2021 թվականի սրտաբուխ ակնկալիք:

135586964

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են