Материалы

Սուրբ Ծննդի և Աստվածհայտնության Սբ. Պատարագ Վիրահայոց թեմում

2021 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը: Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում առաջին տաղավար տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով:

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի էին եկել և Հայոց Եկեղեցու տոնը իրենց ներկայությամբ պատվել էին կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ Իզաբելա Օսիպովան, Կոբա Չոպլիանին, նախկին խորհրդարանականներ Դավիթ Ճիճինաձեն և Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Կրոնի գործակալության աշխատակիցներ, հասարակայնության անդամներ, հավատացյալներ:

Img 20210106 Wa0109Վրաստանի հայ հավատացյալներին Սուրբծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով շնորհավորել էին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, քույր եկեղեցիների և կրոնական կառույցների ղեկավարներ, բազմում բարձրպաշտոնյաներ և հասարակական գործիչներ:

Վիրահայոց Թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Պատարագիչ քահանան Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունեց ներկաներին:

Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդական տեղապահն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը:

Հավարտ Պատարագի Հայր Սուրբը անդրադարձ կատարելով պատմականորեն հավատակից ժողովուրդների հարաբերություններին, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությանը և հաշվի առնելով, որ այս գիշեր Վրաց Ուղղափառ Եկեղեցում տեղի է ունենալու Սուրբծննդյան տոնակատարություն, հանուն Վրաստանի հայ հավատացյալների և հոգևորականաց դասի շնորհավորեց Վրաց Եկեղեցու հավատացյալներին և հոգևորականներին Քրիստոնեական այս մեծ տոնի առիթով:

Img 20210106 Wa0089Հոգեշնոր Տեր Կիրակոս վարդապետի ձեռամբ Սբ. Պատարագի վերջում կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն՛ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների Խաչի կնքահայր դարձան Յուրի Երեմյանը և Գրիգոր Նալբանդյանը:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով տոնական Սուրբ և անմահ Պատարագներ մատուցվեցին և ջրօրհնեքի արարողություններ կատարվեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին, Բաթումի Սուրբ Փրկիչ, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում և հարակից գյուղերում, Քվեմո Քարթլիի, Ռուսթավիի, Մառնեուլի շրջանների գյուղերի հոգևոր տաճարներում:

Սուրբ Պատարագից հետո ամենուրեք կազմակերպվեց հյուրասիրություն:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են