Թբիլիսիի հայոց եկեղեցիների հոգևոր դասի ժողովը
2021 թվականի հունվարի 12-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի Թբիլիսիի եկեղեցիներում ծառայող հոգևորաց և սարկավագաց դասի ընդհանուր ժողովը: Այն սկսվեց Տերունական աղոթքով: Ժողովը նախագահում էր Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդը հանգամանալից խոսեց 2021 թվականի ծրագրերի մասին, որոնք բխում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանձնարարականներից, կոչված են եկեղեցական ազգային տոների հավուր պատշաճի տոնակատարությանը: Թեմի թբիլիսյան եկեղեցիների ծրագրերի տեսլականն է Եկեղեցու շուրջ քրիստոնեական սիրով թբիլիսահայության համախմբումը, հայապահպանության և ազգապահպանության գաղափարների տարածումը, Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների միջև բարեկամական հարաբերությունների խորացումը:
Ժողովին ներկա հոգևոր հայրերը ներկայացրեցին առաջիկա Սուրբ Սարգսի, Վարդանանց, Տյառնընդառաջի, Բարեկենդանի և մյուս տոների զանգվածային կազմակերպումը, ինչպես նաև խոսեցին ժողովրդի նկատմամբ ցուցաբերվող մարդասիրական աջակցության, բարեգործության մասին, որը շարունակական բնույթ ունի:
Հոգևորաց ժողովն ավարտվեց Պահպանիչ աղոթքով: