Սուրբ Սարգսի տոնը Վիրահայոց թեմում
2021 թվականի հունվարի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Ներկայումս ընթացող համավարակային, աշխարհա-քաղաքական, սոցիալական խնդիրների հետևանքով թեև փոխվում են հոգևոր և ժողովրդական տոների նշման ձևաչափերը, սակայն պահպանվում են տոնի խորհուրդն ու տոնակատարության նշանակությունը:
Վիրահայոց թեմում, ի մասնավորի Թբիլիսիում, Սուրբ Սարգսի տոնը նշվեց հավուր պատշաճի: Չնայած հասարակական տրանսպորտի բացակայությանը, այնուամենայնիվ ուխտի մեծ փափագով հավատացյալները տոնը նշեցին 1883 թվականին կառուցված Սրբի անունը կրող մատուռ ավանդական քայլերթով:
Տոնի նախօրեին, 2021 թվականի հունվարի 29-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված ուխտավորների թափորը, աղոթք բարձրացնելով և հոգևոր դասի օրհնությունը ստանալով, արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի և արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, հոգևոր ծառայողների և սարկավագների ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, շարականներ երգելով և աղոթք անելով ուղղվեց դեպի Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռը: Քայլերթի մասնակիցները կանգ առան և աղոթք արեցին Հավլաբարի կենտրոնում գտնվող Շամխորեցոց Կարմիր Ավետարան խոնարհված եկեղեցու փլատակների մոտ:
Բոլոր ուխտավորները հերթով մտան Սուրբ Սարգիս մատուռ, մոմ վառեցին ու աղոթք արեցին ուխտի մեծ փափագով: Այդ ժամանակաընթացքում հոգևոր ծառայողների մասնակցությամբ հնչեցին հոգևոր երգեր, որին ձայնակցում էին քայլերթի մասնակիցները: Իրենց ուխտը կատարելուց հետո, ուխտավորները հասան Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացան այնտեղ գտնվող հավատացյալներին:
Բազմամարդ էր Սուրբ Գևորգ եկեղեցին և բակը: Նախատոնակ երեկոյան ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայ համայնքների հոգևոր տեսուչ հոգեշնոր Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանի հանդիսապետությամբ և հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ:
Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետն իր օրհնությունը հղելով ներկաներին, քարոզ խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի՝ հանուն քրիստոնեության նահատակության մասին: Հայր Սուրբը անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս.Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակելուն, կատարեց երիտասարդության օրհնության կարգ և մաղթեց նրանց նպատակների իրականացում:
Սուրբ Սարգսի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորություններով: Նախատոնակի արարողության վերջում, երիտասարդները ստացան օրհնված աղի բլիթներ, որոնց հետ կապում են իրենց երազանքների իրականացումը:
Հունվարի 30-ին, Տոնի օրը, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հոգեշնոր Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:
Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչը քարոզ խոսեց օրվա խորհրդի, քրիստոնեական հավատքի համար նահատակվածների մասին: Հայր Սուրբն իր խոնարհումը բերեց նաև արցախյան պատերազմում զոհված հազարավոր հերոս երիտասարդների հիշատակին: Հոգեշնորհ Տեր Զավենը ներկաներին հորդորեց լինել նվիրական, սիրել հայրենիքը, հավատարիմ լինել հավատքին և ապրել սիրով: Նա իր քարոզն ավարտեց շնորհավորելով բոլոր Սարգիսներին իրենց անվանակոչության տոնի առիթով և Սուրբ Սարգիս բարեխոսի օրհնությամբ երիտասարդությանը մաղթեց երջանկություն և երազանքների իրականացում:
Սուրբ Սարգիս զորավարի տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ Պատարագներով, Սրբի անունը կրող մատուռներ ուխտագնացություններով, երիտասարդության օրհնության կարգով և ժողովրդական սովորությունների պահպանմամբ, երիտասարդական կենտրոնների սաների պատրաստած աղի բլիթների բաժանմամբ: