Материалы

Տեառնընդառաջի նախատոնակը Վիրահայոց թեմում

Տեառնընդառաջը հայ ժողովրդի սիրած և ուրախ Տերունի տոներից է, որի տոնակատարությունը Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթացավ եկեղեցական արարողություններով և ժողովրդական ավանդույթներով:

Տոնը սկսվեց 2021 թվականի փետրվարի 13-ին, Թեմի եկեղեցիներում կատարված նախատոնակ-ժամերգություններով: Տեառնընդառաջը Թբիլիսիում նշվեց ինչպես Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, այնպես էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում:

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, նախատոնակ-ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ: Մեղմանուշ շարականների ուղեկցությամբ հավատացյալներն ունկնդրեցին Մարիամ Աստվածածնի՝ 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու տոնի խորհուրդը: Երեկոյան ժամերգությունից հետո Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այնուհետև վառվեցին մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Հավաքված բազմությանը օրհնության խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Հայր Սուրբը խաղաղություն մաղթեց Վրաստանին և Հայաստանի Հանրապետությանն ու Արցախ աշխարհին, հորդորեց ներկաներին՝ հավատարիմ մնալ ավանդական և հոգևոր տոներին, համախմբված լինել Հայոց Սուրբ Եկեղեցու շուրջը, պահել ազգային և հոգևոր արժեքները և փոխանցել սերունդներին:

2Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր: Աստվածահաճո արարողությանը ներկա գտնվելու և Բարձրյալի օրհնությանը արժանանալու փափագով եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում: Հոգևոր հայրերը օրհնեցին զույգերի ամուսնությունը՝ մաղթելով երկար տարիների համատեղ երջանիկ և խաղաղ ընտանեկան կյանք և նորապսակներին բաժանեցին մոմեր ու սրբապատկերներ:

Կարևորելով մայր հայրենիքից դուրս ազգ ներկայանալու, ազգային և եկեղեցական ավանդույթները պահպանելու և սերունդներին փոխանցելու կարգը, եկեղեցիների մերձակա տարածքներում վառվեց տրնդեզյան ավանդական խարույկը, որը կրկնապատկեց տոնական տրամադրությունը:

Վրաստանի մայրաքաղաքի Մեյդան և Հավլաբար թաղամասերում՝ գտնվող Հայոց Եկեղեցիների հոգևոր սպասավորների նախաձեռնությամբ և խաչքավորներ Յուրի Երեմյանի և Գրիգորի Նալբանդյանի աջակցությամբ կազմակերպվեց նորապսակների հյուրասիրություն:

Տեառնընդառաջի տոնը մեծ շուքով նշվեց Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի և Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում: Փետրվարի 14-ին, որն այս տարի նաև Բուն Բարեկենդանի տոնն է, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի և Բուն Բարեկենդանի կապակցությամբ կմատուցվի տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են