Նվեր ստանալու ուրախությունն էր տիրում Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանում
![](/templates/yootheme/cache/20210304_125821-385eb661.jpeg)
Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո Վիրահայոց թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի սաներին ընձեռվեց վերստին միասին խաղալու, սովորելու, պարելու, երգելու, միասին օրն անցկացնելու բերկրանքը:
2021 թվականի մարտի 4-ին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը այցելեց «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարան: Թեմակալ առաջնորդը ուսուցիչներին շնորհավորեց երկարատև ընդմիջումից հետո նորից աշխատանքը սկսելու կապակցությամբ և մաղթեց նույն ավյունով և սիրով հագեցնել կենտրոնի գործունեությունը:
Հայր Սուրբը նախակրթարանի սաներին բաշխեց իր օրհնությունը, խոսեց այն երեխաների մասին, ովքեր հեռավոր արտասահմանից նվերներ են ուղարկել իրենց հասակակիցներին: Այդ նվերները Հիսուս Քրիստոսի՝ երեխաների նկատմամբ մեծ սիրո արտահայտությունն է: Այդ նվերները նաև սովորեցնում են սիրել Եկեղեցին և օրինակ վերցնել այդ սիրով ապրող իրենց հասակակիցներից: Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը «Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության գեղեցիկ տուփերը բաժանեց փոքրիկներին, նրանց պարգևելով նվեր ստանալու ուրախությունը:
«Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը, արդեն մի քանի տարի Վրաստանի տարբեր կրոնական կազմակերպությունների 3-14 տարեկան փոքրիկներին և անչափահասներին իր սերն ու բարությունը փոխանցում է Սուրբ Ծննդյան գեղեցիկ նվերներով, որոնք լի են ուրախությամբ, անակնկալով, զարմանքով և հետաքրքրությամբ:
Այս կազմակերպության Վիրահայոց թեմի աշխատանքների համակարգող արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորությամբ այս տարի Վիրահայոց թեմի եկեղեցիներին հատկացվեց 5000 տուփ նվեր: Նվերները նախատեսված են եկեղեցիների հովանու ներքո գործող հոգևոր, մշակույթային և կրթական կենտրոնների նախակրթարանների, կիրակնօրյա դպրոցների, գեղարվեստական խմբերի մինչև 14 տարեկան սաների համար: