Материалы

Սերգեյ Փարաջանովի «Բաիա» նռան ծառը

2021 թվականի մարտի 17-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի, Թբիլիսիի Բուսաբանական այգու և ռեժիսոր Խոսե Մաջիներիի նախաձեռնությամբ, Թբիլիսիում մատենագրվեց աշխարհահռչակ ռեժիսոր, հայ ժողովրդի արժանավոր զավակ Սերգո Փարաջանովի հիշատակին նվիրված մի գեղեցիկ, սիմվոլիկ և գողտրիկ միջոցառում: Դա տաղանդավոր կինոռեժիսորի սիրած նռան ծառն էր, որի տնկին հանդիսավորապես տեղ գտավ Թբիլիսիի Բուսաբանական այգում՝ Վրաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ հազվագյուտ տնկիներով ստեղծված իտալացի դրամատուրգ, Տոնինո Գուերայի անվան ծառուղում:

Օրը ընտրվել էր ոչ պատահականորեն: Մարտի 16-ը մեծ դրամատուրգի ծննդյան օրն էր, իսկ մարտի 17-ը դարձավ հայ և իտալացի աշխարհահռչակ ռեժիսորներին կապող բարեկամության, ստեղծագործական կապի ամրագրում:

Կորոնավիրուսի համաճարակով բռնկված արդի ժամանակաշրջանում այս գեղեցիկ և յուրահատուկ միջոցառումը լույսի, սիրո և գեղեցկության ճառագայթի ջերմությամբ Թբիլիսիի բուսաբանական այգի էր բերել հայ և վրացի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներին, բարեկամությունը հարգողներին:

Եկել էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, քաղաքապետարանի աշխատակիցներ,պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, արվեստասեր հասարակայնության անդամներ:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի ընկերակցությամբ:

Բացման արարողությանը Բուսաբանական այգու աշխատակից Գիորգի Թարխնիշվիլին շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմին, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներին, հայ և վրաց հանրության ներկայացուցիչներին, հասարակական գործիչներին, բանաստեղծներին և երգիչներին, Տոնինո Գուերայի անունը կրող ծառուղին հայ և վրաց ժողովուրդների բարեկամության խորհրդանշանով՝ Սերգո Փարաջանով մեծ արվեստագետի հիշատակով հարստացնելու համար:

«Հովհաննես Թումանյանի տուն»գիտամշակութային կենտրոնի աշխատակցուհի Գոհար Մխիթարյան-Մազմանյանը, անդրադարձ կատարելով սիրո և գեղեցկության, ժողովուրդների բարեկամության օջախ Թբիլիսիին, արձանագրեց այս քաղաքում արվեստի, գեղեցիկի և սիրո հագեցվածության գործում հայ ժողովրդի փառապանծ զավակներ՝ Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի և Սերգո Փարաջանովի և այլոց անշրջելի և անժխտելի դերակատարությունը, արժևորեց Սայաթնովյան «Վարդատոնը», «Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը» և Սերգո Փարաջանովի հիշատակին նռան ծառ տնկելու արարողությունը:

Միջոցառմանը իրենց գեղեցիկ և հետաքրքիր ելույթներով հանդես եկան «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծներ՝ Գիորգի Բոճորիշվիլին, Գարի Ղալամքարովը, Արտեմ Գրիգորենցը, Նանա Նիկոլաձեն, դերասան Հենրիխ Պետրոսյանը։

Նշենք, որ Խոսե Մաջիներիի առաջարկով նռան յուրաքանչյուր ծառը, որի տնկիները ռեժիսորը նռան հատիկներից աճեցրել է իր տանը, կրելու է Փարաջանովի և նրա ֆիլմերի դերասանուհիների անունները՝Բաիա, Սոփիկո, Լելա, Գայանե և այլք․․․

Որոշվեց Թբիլիսիում ստեղծել Սերգո Փարաջանովի անվան տուն-թանգարան, փողոցներից մեկը կոչել տաղանդավոր ռեժիսորի անունով և ամեն տարի մարտի 17-ին հավաքվել Բուսաբանական այգում, Տոնինո Գուերայի ծառուղում, հիշելու և մեծարելու Սերգո Փարաջանովին։

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են