Վիրահայոց թեմում կատարվեցին Ավագ հինգշաբթիի արարողությունները
2021 թվականի ապրիլի 1-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ավագ հինգշաբթին: Այն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին Ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակն է: Ավագ Հինգշաբթի օրը, առավոտյան Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Արարողություններն սկսվեցին առավոտյան ու տևեց մինչ ուշ երեկո: Առավոտյան ժամերգությունից հետո Թեմի եկեղեցիներում կատարվեց Ապաշխարողաց կարգ, ապա մատուցվեց Վերջին Ընթրիքը խորհրդանշող Ս. Պատարագ: Վերջին Ընթրիքի ժամանակ էր, որ Քրիստոս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը. գինին` իբրև Իր Արյուն, հացն` իբրև Իր Մարմին:
Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը քարոզ խոսեց Քրիստոսի Սուրբ Հաղորդության հաստատման խորհրդի մասին:
Այնուհետև Եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը:
Թեմի հայոց եկեղեցիների հոգևոր հայրերը, Տիրոջ այս օրինակով, շարականների երգեցողության ներքո, եկեղեցու խորանին ծնկաչոք լվացին տասներկու մանուկների ոտքերը և օծեցին օրհնված յուղով: Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվեց Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում:
Վիրահայոց թեմի եկեղեցիներում, ի մասնավորի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ կատարված արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցրեցին Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Հընթացս խավարման կարգի, արժանապատիվ հոգևոր հայրերն իրենց պատգամում հորդորեցին հավատացյալներին Տեր Հիսուսին հավատարմության ուխտ անել, ապրել քրիստոնեական սիրով և երբեք չդավաճանել Աստվածորդուն:
Խավարման կարգ կատարվեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի մյուս եկեղեցիներում ևս: