Վիրահայոց թեմում կատարվեցին Ավագ հինգշաբթիի արարողությունները

2021  թվականի  ապրիլի  1-ին,  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ավագ հինգշաբթին: Այն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին Ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակն է:  Ավագ Հինգշաբթի օրը, առավոտյան Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Արարողություններն սկսվեցին առավոտյան ու տևեց մինչ ուշ երեկո: Առավոտյան ժամերգությունից հետո Թեմի եկեղեցիներում կատարվեց Ապաշխարողաց կարգ, ապա մատուցվեց Վերջին Ընթրիքը խորհրդանշող Ս. Պատարագ: Վերջին Ընթրիքի ժամանակ էր, որ Քրիստոս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը. գինին` իբրև Իր Արյուն, հացն` իբրև Իր Մարմին:

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց  արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը: 

 Հընթացս Սուրբ Պատարագի հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը քարոզ խոսեց  Քրիստոսի  Սուրբ Հաղորդության հաստատման խորհրդի մասին:

Այնուհետև Եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը:

Թեմի հայոց եկեղեցիների հոգևոր հայրերը, Տիրոջ այս օրինակով,  շարականների երգեցողության ներքո, եկեղեցու խորանին ծնկաչոք լվացին տասներկու մանուկների ոտքերը և օծեցին օրհնված յուղով: Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվեց Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում:

Վիրահայոց թեմի եկեղեցիներում, ի մասնավորի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի  նախագահությամբ կատարված արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցրեցին Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:

Հընթացս խավարման կարգի, արժանապատիվ հոգևոր հայրերն  իրենց  պատգամում հորդորեցին հավատացյալներին  Տեր Հիսուսին հավատարմության ուխտ անել, ապրել քրիստոնեական սիրով և երբեք չդավաճանել Աստվածորդուն:

Խավարման կարգ կատարվեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի մյուս եկեղեցիներում ևս:

167560137 299538074896689 5445651541111055295 N

167588493 299538038230026 5302013148570793614 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են