Ավագ Ուրբաթը Վիրահայոց թեմում
2021 թվականի ապրիլի 2-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները: Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Այս Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու սրտագին փափագով եկեղեցասեր կանայք ծաղիկներով ու ճյուղերով զարդարեցին Տիրոջ գերեզմանը: Այնուհետև հավատացյալ հայորդիները համախմբվեցին Թեմի տարբեր եկեղեցիներում միասնական աղոթքի և Տիրոջ չարչարանքներին հաղորդակից լինելու համար։ Այդ օրը թեմի եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո տեղի ունեցավ Խաչելության կարգ:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ և օրհնությամբ, երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում, կատարվեց Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը պտտեցրին եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
Ավարտին, Տիրոջ Սրբալույս Գերեզմանի անուշաբույր ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին։