Հայ եկեղեցասեր կանայք նշեցին մայրության և գեղեցկության տոնը
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը: Այն ունի եկեղեցական-պետական հագեցվածություն. լինելով հրեշտակի կողմից Մարիամին Աստծու Որդին ունենալու ավետիս, այն նաև մայրերի,մայրության բերկրանքը սպասողների և գեղեցկության տոն է:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և բարեմաղթանքներով, Ավետման տոնը նշեց «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում: Ամենայն հայոց բանաստեղծի տունը ճիշտ այն օջախն է, որտեղ Հովհաննես Թումանյանի տիկնոջ՝ տիկին Օլգա Մաճկալյանի մայրական ջերմ հոգատարությամբ, հոգևոր և աշխարհական կյանքին ներդաշնակ ազգասիրությամբ, ժողովրդասիրությամբ, հայրենասիրության վեհ գաղափարներով դաստիարակվել են տասը զավակներ:
Մայրության և Գեղեցկության օրվա խորհրդանշական տոնահանդեսին ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական տիկին Աննա Սահակյանը: Ներկաները խոսեցին թբիլիսահայ կանանց առօրյայի, եկեղեցական կյանքին մասնակցության, ներկայումս հուզող համամարդկային խնդիրների, համաճարակային սահմանափակումների և հանձնարարականների, ինչպես նաև համայնքային կյանքի այսօրվա և ապագայի տեսլականի շուրջ:
Տիկին Աննան հետաքրքրությամբ ունկնդրեց տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության և գործունեության մասին, կիսվեց նաև տարբեր երկրներում իրականացրած իր դիվանագիտական գործունեության շուրջ: Մայր հայրենիքի մշակութային հարցերով խորհրդականը գնահատանքի խոսքեր ուղղեց Արցախի պատերազմի ժամանակ համայնքային օգնության կազմակերպման և իրականացման գործում Վիրահայոց թեմի ունեցած դերին և խոստացավ լինել եկեղեցասեր կանանց կողքին, աջակցել և նեցուկ հանդիսանալ նրանց ձեռնարկումներին: Տոնական օրն ընթացավ ուրախ ծիծաղ-կատակով: