Материалы

Հայ եկեղեցասեր կանայք նշեցին մայրության և գեղեցկության տոնը

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց  Սուրբ Աստվածածնի Ավետման  տոնը: Այն ունի  եկեղեցական-պետական հագեցվածություն. լինելով  հրեշտակի կողմից Մարիամին  Աստծու  Որդին ունենալու ավետիս, այն նաև  մայրերի,մայրության բերկրանքը սպասողների և գեղեցկության տոն է:  

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և բարեմաղթանքներով, Ավետման տոնը նշեց  «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում: Ամենայն հայոց բանաստեղծի տունը ճիշտ այն օջախն է,  որտեղ Հովհաննես Թումանյանի տիկնոջ՝ տիկին Օլգա Մաճկալյանի  մայրական ջերմ հոգատարությամբ,  հոգևոր և աշխարհական կյանքին ներդաշնակ ազգասիրությամբ, ժողովրդասիրությամբ, հայրենասիրության վեհ գաղափարներով դաստիարակվել են  տասը զավակներ:

Մայրության և  Գեղեցկության օրվա խորհրդանշական տոնահանդեսին ներկա էր նաև  Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական տիկին Աննա Սահակյանը: Ներկաները խոսեցին թբիլիսահայ կանանց առօրյայի, եկեղեցական կյանքին մասնակցության, ներկայումս հուզող համամարդկային խնդիրների,  համաճարակային սահմանափակումների և հանձնարարականների, ինչպես նաև համայնքային կյանքի այսօրվա և ապագայի տեսլականի շուրջ:  

Տիկին Աննան  հետաքրքրությամբ  ունկնդրեց տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության և գործունեության մասին, կիսվեց նաև  տարբեր երկրներում իրականացրած իր դիվանագիտական գործունեության շուրջ: Մայր հայրենիքի մշակութային հարցերով խորհրդականը գնահատանքի խոսքեր ուղղեց  Արցախի պատերազմի ժամանակ համայնքային օգնության կազմակերպման և իրականացման գործում Վիրահայոց թեմի ունեցած դերին և խոստացավ լինել եկեղեցասեր կանանց կողքին, աջակցել և նեցուկ հանդիսանալ նրանց  ձեռնարկումներին: Տոնական օրն  ընթացավ ուրախ ծիծաղ-կատակով:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են