Հայոց ցեղասպանությանը նվիրված բարեխոսական կարգ Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցում
2021 թվականի ապրիլի 24-ին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, թեմի հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ բարեխոսական կարգ:
Եկեղեցական արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, դիվանագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ:
Ներկաները մոմեր վառեցին սուրբ նահատակների հիշատակին: Իսկ թեմի «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները ձայնակցեցին Սուրբ խորանից հնչող «Տերունական աղոթքին»:
Հընթացս Սուրբ կարգի, հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը ներկաներին ուղղված իր խոսքում արձանագրեց 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունը, անդրադարձ կատարեց 2020 թվականի սեպտեմբերյան 44-օրյա պատերազմին, որտեղ կրկին մահասարսուռ արհավիրքի զոհ դարձավ հայ ժողովրդի մի զանգվածը՝ Արցախի բնակչությունը, որտեղ շարունակվեց թշնամու բարբարոսական քաղաքականությունը՝ հողին հավասարեցնելով հայկական մշակութային, պատմական և հոգևոր կոթողները:
Խոնարհվելով Հայոց Ցեղասպանության մեկ ու կես սրբադասված նահատակների հիշատակին, Հայր Սուրբը թբիլիսահայությանը սիրո և միասնության կոչ արեց, հորդորեց դասեր քաղելով Մեծ Եղեռնի և ոչ հեռավոր դեպքերից, չբաժանել ազգին և ժողովրդին, այլ ամենուրեք հպարտությամբ կրել հայի անունը:
Հավարտ բարեխոսական կարգի, ներկաները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի խաչքարի մոտ:
Ապրիլի 24-ին հիշատակի պատարագներ և բարեխոսական կարգ կատարվեց Վիրահայոց թեմի տարբեր եկեղեցիներում, բողոքի ակցիաներ, քայլերթեր և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Թբիլիսիում, Վրաստանի հայաբնակ քաղաքներում և շրջաններում: