Материалы

Թբիլիսիում նշեցին Համբարձման տոնը

2021 թվականի մայիսի 13-ին,  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:  Հայ Առաքելական  Սուրբ Եկեղեցու համար տոնը երկակի նշանակություն ունի, քանզի Համբարձման տոնի հետ միասին Հայոց Եկեղեցին նշում է 1441 թվականին Հայոց Հայրապետական Աթոռը՝ Սսից Վաղարշապատ փոխադրության հիշատակը: Համբարձման տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ  հռչակվել է Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց  Սուրբ և Անմահ Պատարագներով, ժողովրդական տոնահանդեսներով:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց Քվեմո Քարթլիի Կարմիր գյուղի և Շահումյան ավանի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը:  Տոնական Սբ. Պատարագին ներկա էր  Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  Արևմտյան թեմի  ավագ քահանա արժանապատիվ Տեր Նարեկ Մատարյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի  պատարագիչ Հայր Սուրբը  քարոզի խոսքում մեկնաբանեց օրվա խորհուրդը՝ Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսուցանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում  է նրանց ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբառնում երկինք:

Պատարագիչը խոսեց նաև այն մասին, որ Մայր Աթոռը դարեր շարունակ  դեգերելուց հետո գնաց ուր որ ժողովուրդն էր, և ի վերջո 15-րդ դարում՝ 1441 թվականին՝  Համբարձման տոնին, Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը՝ վերահաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  դառնալով Սսից Սուրբ Էջմիածին փոխադրվելու պատմական իրադարձություն:

186218011Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդի նախագահությամբ և   հոգևոր սպասավորների մասնակցությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն առ Աստված աղոթք բարձրացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

Քրիստոսի Համբարձման տոնը, որն  ուղեկցվում է  ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում, կորոնավիրուսի համաճարակային սահմանափակումների պատճառով չունեցավ տոնական այն շքեղությունը, որն ավանդաբար տեղի էր ունենում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Օրվա տոնական  նրբերանգը դարձավ  թեմի «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի ծաղկեպսակներով զուգված սաների ներկայությունը  Սուրբ Պատարագին՝ ի նշան տոնի նաև ժողովրդական ավանդույթի: 

Համբարձման  տոնահանդեսը, որը լինելով հայ ժողովրդի սիրված  տոներից մեկը, դարձավ  նաև գարնանային գեղեցկության  զարթոնք:

185768030

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են