Երկրորդ ծաղկազարդի տոնակատարություն Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում
2021 թվականի մայիսի 16-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տոնականորեն նշվեց Երկրորդ Ծաղկազարդը:
Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց այդ օրերին Թբիլիսիում հյուրընկալվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆի Արևմտյան թեմի ավագ քահանա Տեր Նարեկ Մատարյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչ քահանան իր քարոզի խոսքը սկսեց շնորհակալության խոսք՝ ուղղված թեմակալ առաջնորդին, ում օրհնությամբ ինքը այս հինավուրց և գեղեցիկ ավանդույթներով հարուստ տաճարում ներկա հավատացյալների հետ միասին Սուրբ Պատարագ մատուցելու հնարավորություն ունեցավ:
Արժանապատիվ Տեր Նարեկը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին: Այն, որ Քրիստոսի Համբարձման տոնից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ:Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները:
Տեր Նարեկն իր քարոզն ավարտեց ներկաներին ուղղված հորդորով՝ հավատքի մեծ ուժով, առ Քրիստոս փառաբանությամբ և աղոթքներով անսասան մնալ հավատքի, Աստծուն և Փրկչին նվիրվածության մեջ:
Հավարտ Սուրբ Պատարագի Հայոց Եկեղեցու նվիրյալ հարգարժան տիկին Նաիրա Մարկոսյանի կողմից եկեղեցու բակում կատարվեց մատաղով հյուրասիրություն: