Երեխաների պաշտպանության օրը Վիրահայոց թեմի նախակրթարաններում
Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող նախակրթարաններում տոնականորեն նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
2021 թվականի հունիսի մեկին թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, նախակրթարաններում կազմակերպվեցին զվարճալի միջոցառումներ երեխաների մոտ բարձր տրամադրություն ստեղծելու և հետաքրքիր անակնկալներ մատուցելու համար:
Երեխաներին զվարճացնալու և միմյանց հետ մտերմացնելու ակնկալիքով, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի նախաձեռնությամբ և Ռուսթավիի «Սբ.Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային կենտրոնի օժանդակությամբ, Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում հյուրընկալվեցին Ռուսթավիի «Նաիրի» նախակրթարանի սաները՝ ուսուցչուհի Անի Մինասյանի, գործավարուհի Աիդա Փոլադյանի և ծնողների հետ:
Տոնը մեկնարկեց Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում, որտեղ տարածվեց երեխաների ծիծաղն ու ժպիտը, աղմուկ-աղաղակը: Ուրախ երաժշտությունը, զվարճալի երգն ու պարը տրամադրեցին բոլորին: Երեխաների կողքին ասես մանկացան նաև մեծահասակները՝ ուսուցիչները, ծնողները, հոգևորականները:
Երեխաները ուրախ էին, չէ՞ որ նրանց զվարճացնում էին հմուտ խաղվարներ Հենրիխ Պետրոսյանը և Մարի Պողոսովան: Խաղ-մրցույթին ներգրավվեցին բոլորը՝ արտասանությամբ, երգով, պարով՝ ցույց տալով իրենց սովորածն ու գիտեցածը: Մի մասն էլ ընդգրկվեց ասֆալտի վրա կավճով նկարելու մրցույթին, իսկ ուսուցիչները երեխաների դեմքերը նկարազարդեցին տարբեր նախշերով՝ մեծ ուրախություն պարգևելով նրանց:
Եվգենյա Մարկոսյանի շնորհավորական խոսքից և Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի օրհնությունից հետո, տոնական օրը լիարժեք դարձավ նվերներով, պաղպաղակով, ինչպես նաև անծանոթ բարերար քեռու կողմից հաճելի հյուրասիրությամբ: Գեղեցիկ անակնկալների ավարտ դարձավ Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Մաուգլի» ներկայացման դիտումը:
Հունիսի մեկը գեղեցիկ և ուրախ միջոցառումներով նշվեց նաև թեմական մյուս կենտրոններում:
Օրը տոնական էր Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում: Կենտրոնի պատասխանատու Սոնա Հովհաննիսյանի և ուսուցիչների ջանքերով կազմակերպված ուրախ երգի, պարի, տարբեր խաղերի և նվերների արդյունքում կենտրոնի սաների տոնական օրը դարձավ հագեցած և անմոռանալի:
Հունիսի մեկը մեծ շուքով նշվեց նաև Ջավախքում:Ամբողջ օրը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը տոնական էր։ Այստեղ կարելի էր տեսնել ժպտացող, երգող ու պարող, տարբեր խաղեր խաղացող երեխաների, որոնց օրը էլ ավելի գունեղ էին դարձնում գույնզգույն փուչիկները։ Մանուկների օրհնության կարգից հետո նրանք բազմաթիվ անակնկալների, խաղ-մրցույթների, սիրված մուլտհերոսների հետ հանդիպման մասնակիցը և ականատեսը դարձան: Եղավ նաև համերգային ծրագիր՝ առաջնորդական փոխանորդության հովանու ներքո գործող խմբակների մասնակցությամբ:
Ախալցիխեի Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում երեխաների օրհնության կարգից հետո նույնպես իշխեց ուրախ տրամադրությունը երգով, պարով, արտասանությամբ, գեղեցիկ նվերներով և հյուրասիրությամբ: Երեխաների պաշտպանության օրվան նվիրված զվարճալի միջոցառումներ տեղի ունեցան նաև Նինոծմինդայում:
Հայաբնակ տարբեր քաղաքներում, գյուղերում և համայնքներում մինչև օրվա վերջ իրականացվում էր երեխաների օրհնության կարգ, շարունակվում էին երգ ու պարով, պաղպաղակով և տարբեր քաղցրավենիքներով նրանց հյուրասիրությունը և հետաքրքիր նվերներ բաժանելը: