Материалы

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԿԱԹՈՂԻԿԵ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԸ

Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: 2021 թվականի հունիսի  6-ին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնեց  Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ:

Վիրահայությունը, ի մասնավորի թբիլիսահայ հավատացյալները առանձնակի սիրով և հավատքով են կապված Սուրբ Էջմիածնի տաճարի հետ: Սուրբ Էջմիածին եկեղեցու, նրա զորավոր ուժի նկատմամբ մեծ  ակնածանքը հանգեցրեց  նրան, որ դեռևս 19-րդ դարում Թբիլիսիի հայաբնակ Հավլաբար թաղամասոսմ հայ համայնքն իր հանգանակությամբ կառուցեց նույնանուն եկեղեցին, որը հպարտորեն իր շուրջն է հրավիրում հավատացյալներին:

Վաղ առավոտից թբիլիսահայ հավատացյալները շտապում էին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի՝ մասնակցելու տոնական Սուրբ պատարագին, որը մատուցեց արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:

Հընթացս Սուրբ պատարագի պատարագիչ-քահանան փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի  օրհնությունը և բարեմաղթությունը տոնի առիթով: Այնուհետև անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, պատմիչ Ագաթանգեղոսի ներկայացմամբ Հայոց մեծ հայրապետ Գրիգոր Լուսավորչի երազ-տեսիլքին եւ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տաճարի կառուցման պատմությանը: Տեր Հայրը խոսեց հավատքին հայ ժողովրդի հավատարմության, ազգապահպան այն արժեքների մասին, որ կատարում է հայոց եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդությամբ, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ:

Պատարագիչ-քահանան ընդգծեց, որ հավատավոր հայ ժողովուրդը ուխտի ճանապարհով Մայր հայրենիքից և Սփյուռքից գնում է ստանալու  Էջմիածնի ոգեղեն լույսը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նյութեղեն տաճարը վկայությունն է  համայն հայության հոգևոր հավատքի, Սուրբ Էջմիածինը դա առաքելություն է, և հավատավոր հայ ժողովուրդը Մայր հայրենիքում և Սփյուռքում շնորհիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահպանում, հարստացնում, սերնդեսերունդ է փոխանցում եկեղեցու խորհուրդները և ծեսերը, ժողովրդական ավանդույթները և մշակութային արժեքները: Իսկ դա մեր ինքնության, մեր Սուրբ հավատքի, մեր պետականության ու մեր ոսկեղենիկ լեզվի հարատևության գրավականն է – կարևորեց իր քարոզում պատարագիչը, հորդորելով հավատացյալներին համախմբված լինել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի շուրջը, Ամենազոր Աստծուց խաղաղություն և ապահովություն հայցեց Հայաստանի, Սուրբ Էջմիածնի, Արցախի ու Վրաստանի համար:

Արժանապատիվ Տեր Կիրակոսը անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող շինարարական աշխատանքներին և հորդորեց հավատացյալներին իրենց մասնակցությունը բերել զորավոր Աստծու տաճարի վերանորոգչական աշխատանքներին և  ներդրում կատարել  դրանց իրականացման  գործում:

Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցու բակում արժանավոր հայորդի Արմեն Պետրոսյանի կողմից բաժանվեց մատաղ, իսկ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության աջակցությամբ տեղի ունեցավ տոնական հյուրասիրություն:

Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում է Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին:

Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար:

197006840

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են