Թբիլիսիում քննարկվեց «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության տեսլականը
2021 թվականի հունիսի 22-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և բարեմաղթանքով՝ «Ապագա Հայկականը» (The FUTURE ARMENIAN) հանրային նախաձեռնության շրջանակներում, կայացավ առցանց հանդիպում նախագծի համաֆինանսավորող IDeA հիմնադրամի և «Ավրորա» բարեգործական նախագծի համանախագահ Ռուբեն Վարդանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին հոգևորականներ, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Հանդիպման նպատակը «Ապագա հայկականը» նախագծի քննարկումն էր թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագիծը ներառում է այն 15 կետերը, որոնք ուրվագծում են մինչև 2041 թվականը Հայաստան-Արցախ -Սփյուռք եռամիասնության զարգացման, Հայաստանի և հայկականի հզորացմանն ուղղված ծրագրային ուղղությունները:
Առցանց հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով: Հատկանշական է, որ այն մեկնարկեց երախտագիտության խոսքերով՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին և նրա համագործակիցներին, ում ֆինանսավորմամբ Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում իրականացվեց մասշտաբային հիմնանորոգում:
Այնուհետև «Ապագա հայկականը» նախագծի համաֆինանսավորողը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ում նորերս տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Արցախյան պատերազմին, մայր հայրենիքի տնտեսական, մշակութային, կրթական համակարգի և մյուս ոլորտների զարգացման հեռանկարներին և նախագծի իրականցմանը համայն հայության ներուժի ընդգրկմանը:
Ռուբեն Վարդանյանը խոստացավ մոտ ժամանակներս ժամանել Թբիլիսի և հանդիպում ունենալ թբիլիսահայ համայնքի հետ: Առցանց հանդիպումը վարում էր հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը: