ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԲ.ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ
2021 թվականի օգոստոսի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սբ. Աստվածամոր Վերափոխման տոնը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է: Աստվածամոր տոնը Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում նշվեց Սբ. Պատարագներով և խաղողօրհնության կարգով:
Վաղ առավոտից թեմի եկեղեցիների խորանները զարդարվել էին օրվա խորհրդանիշ խաղողի տեսակներով ու մրգով: Ու չնայած համավարակի տարածման կապակցությամբ հաստատված սահմանափակումներին ու քաղաքային տրանսպորտի բացակայությանը, այնուամենայնիվ չէր դադարում մարդկանց հոսքը դեպի եկեղեցի. գալիս էին գեղեցիկ զարդարված զամբյուղներով, սկուտեղներով՝ տարվա բերք ու բարիքի օրհնությունը և Բարձրյալի բարեխոսությունը ստանալու ակնկալիքով:
Առավոտյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և ժողովուրդները: Այնուհետև ամենուրեք մատուցվեց Սբ. Պատարագ:
Տոնական Պատարագները թեմի Ախալքալաքի և Նինոծմինդայի մի շարք գյուղերի Եկեղեցիներում սկսվել էին դեռևս շաբաթ օրվանից: Համայնքներին նվիրական ծառայություն մատուցեցին եկեղեցիների հոգևոր հայրերը: Նրանք վաղ առավոտվանից ժամերգություններ և խաղողի ու ողջ տարվա բերք ու բարիքի ավանդական օրհնության կարգ կատարեցին տեղերում:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանի հանդիսապետւթյամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ Պատարագի պատարագիչն էր արժանապատիվ Տր Տաթև քահանա Մարուքյանը:
Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ քահանաները հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի՝ Տիրամոր մեծ Առաքելության, նրա ննջման և Հարության, Վերափոխման մասին, կարևորվեց Հայ Եկեղեցու տածած սերը Սբ. Մարիամ Աստվածածնի հանդեպ, անդրադարձ կատարեցին մայր և որդի հարաբերություններին, հորդորեցին Աստվածամոր և որդու օրինակով շարունակել ապրել վերափոխման լույսով և Սբ. Հարության հավատով: Պատարագիչները խաղաղություն և առաջընթաց մաղթեցին Հայաստան և Վրաստան երկրներին և ժողովուրդներին և շնորհավորեցին ներկաներին, հատկապես մայրերին և Մարիամներին տոնի առիթով:
Ս. Պատարագի ավարտին, Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետի և հոգեշնորհ Տեր Նշան վարդապետի կողմից ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, այնուհետև բարձրացվեց Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը: Առաջնորդական տեղապահի և փոխառաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգը:
Սուրբ Պատարագներ մատուցվեցին և խաղողօրհնեքի կարգ կատարվեց նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ Խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Գանձայի Սուրբ Կարապետ, Բաթումի Սուրբ Փրկիչ, Քվեմո Քարթլիի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնում և մյուս հայաբնակ վայրերի եկեղեցիներում ու մատուռներում:
Այնուհետև տեղերում եկեղեցիների խաչքավորների և բարերար հայորդիների կողմից կատարվեց խաղողով հյուրասիրություն:
Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 16-ին, հիշատակ Մեռելոց է: Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ: Հավարտ Սբ. Պատարագի, կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների հոգու խաղաղության համար: