Նախընտրական այց Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցի
2021 թվականի օգոստոսի 27-ին, տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների նախընտրական քարոզչության շրջանակներում, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի այցելեց «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի Սակրեբուլոյի Սամգորիի շրջանի մաժորիտար պատգամավորի թեկնածու Ռևազ Սոխաձեն:
Առաջնորդական նստավայրում կայացավ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիպումը պատգամավորի թեկնածուի հետ:
Զրույցի ընթացքում Թեմակալ առաջնորդը խոսեց հինավուրց Սուրբ Գևորգ եկեղեցու, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների, եկեղեցաշինության և թեմի խնդիրների մասին:
Հյուրը դիտեց եկեղեցում պահպանվող կրոնական գրքերը, եկեղեցական իրերը, հետաքրքվեց Թբիլիսիում պատմականորեն գոյություն ունեցող, սակայն այսօր չգործող հայկական եկեղեցիների հարցերի, ինչպես նաև հայ հավատացյալների՝ եկեղեցու շուրջ համախմբվածության, ծիսական արարողություններին մասնակցության մասին:
Այնուհետև Ռևազ Սոխաձեն հգշ. Տեր Կիրակոս վարդապետի առաջնորդությամբ, եղավ Հայոց Եկեղեցում, հիանալով նրա գեղեցկությամբ և զորությամբ, հետաքրքրվեց բակում հուղարկավորված տապանաքարերով և իր խոնարհումը բերեց ժողովուրդների բարեկամության անմահ երգիչ Սայաթ-Նովայի շիրմաքարին: