Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Խաչվերացի տոնը
Վիրահայոց թեմում հավուր պատշաճի նշանավորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի վերացման տոնը: Տոնը շարժական է և Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օրացույցով, 2021 թվականին նշվեց սեպտեմբերի 12-ին:
Չնայած կորոնավիրուսի կապակցությամբ երկրում գործող սահմանափակումներին, քաղաքային տրանսպորտի բացակայությանը, այնուամենայնիվ հավատացյալների ներկայությունը Թբիլիսիում գործող երկու՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, բավարար էր:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տոնական օրը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ և փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի ներկայությամբ մատուցված Սուրբ Պատարագով:
Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին: Վերջինս անդրադարձ կատարեց խաչի մեծարմանը նվիրված տոներին, գերությունից Տիրոջ խաչափայտի վերադարձին և Գողգոթայում կանգնեցմանը, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց կամ, ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված՝ Սըրբխեչ:
Սուրբ Պատարագի ավարտին հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը դիմելով հավատացյալ բազմությանը, մեկնաբանեց խաչի նշանակությունը և զորությունը, հավատացյալներին հորդորեց անսասան մնալ իրենց հավատքին, արժանի լինել խաչը կրելու պատվին, արժևորել, պահպանել, սերունդներին փոխանցել եկեղեցական և ազգային տոները, անքակտելի պահել կապը Աստծու տան հետ:
Հայոց եկեղեցու տաղաավար տոնը՝ Խաչվերացը իր ներկայությամբ պատվել էր Թբիլիսիի Իսանի շրջանային վարչության նախագահի պաշտոնակատար Կախաբեր Լաբուչիձեն: Վերջինս ինքնակառավարման մարմինների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի այցելությունից հետո, եղավ նաև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Սուրբ Պատարագի ավարտից հետո նա երկար ժամանակ մնաց եկեղեցու բակում, հնարավորություն ընձեռելով ներկաներին մոտենալու և իրենց հուզող հարցերի մասին իրազեկելու պատգամավորության թեկնածուին:
Նույն օրը Հայոց եկեղեցիներում տեղի ունեցավ Սուրբ Խաչի վերացման փառաբանողական արարողություն: Երեկոյան ժամերգությունից հետո հոգևորականաց դասի առաջնորդությամբ, սարկավագներից ու հավատացյալներից բաղկացած թափորը խաչը պտտեցրեց եկեղեցիների շուրջը, վարդաջրով օրհնելով է ժողովրդին: Շարականների երգեցողությամբ պտույտներն ավարտելուց հետո, օրհնվեց ռեհանը, որը համարվում է խաչի ծաղիկ: Օրհնված ռեհանը բաժանվեց հավատացյալներին:
Խաչվերացի տոնը Սրբազան Պատարագով նշանավորվեց Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում:
Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 13-ին, հիշատակ Մեռելոց է: Վիրահայոց թեմի եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների հոգու խաղաղության համար: