Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցում նշվեց Սուրբ Գևորգ զորավարի տոնը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը նշում է Սուրբ Գևորգի տոնը: 2021 թվականի սեպտեմբերի 25-ին, Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի տոնը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Այդ օրը առանձնահատուկ աշխուժություն էր տիրում 13-րդ դարի կառույց զորավարի անունը կրող Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու ներսում և բակում: Հավատացյալները եկել էին աղոթելու և ստանալու քաջամարտիկ զորավարի օրհնությունն ու շնորհները, մասնակիցը դառնալու տոնի առիթով եկեղեցում կատարվող արարողություններին:
Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի, պատարագիչը քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ քաջամարտիկ զորավարի քրիստոնյա հավատքին նվիրվածության և նահատակության մասին, արժևորեց թբիլիսահայերի մեծ սերն ու նվիրվածությունը Սուրբին, որի անունով դարերի ընթացքում այստեղ կառուցվել են եկեղեցիներ:
Պատարագիչ քահանան զորավար Գևորգի անսասանությունը քրիստոնեական հավատքի նկատմամբ համեմատեց հայ ժողովրդի հետ, ով պատմության ընթացքում բազում փորձությունների միջով է անցել, կենաց և մահու պայքար մղել և հավատարիմ մնացել իր հավատքին:
Հոգևոր հայրը իր խոնարհումը բերեց 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակի առջև, ովքեր հերոսաբար նահատակվելով, սակայն անսասան մնացին իրենց հավատքի մեջ, հավատարիմ մնացին իրենց ազգին ու ծնող ժողովրդին:
Հավարտ Սուրբ Պատարագի, թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը անդրադարձ կատարելով օրվա խորհրդին, կարևորեց հայ հավատացյալների միասնության և համախմբված լինելու հանգամանքը, որը պետք է արտահայտվի հավատքին հավատարմությամբ, Եկեղեցու շուրջ համախմբվածությամբ, հոգևոր արժեքների պահպանությամբ և շենացմամբ: Թեմակալ առաջնորդը բոլոր Գևորգ անվանակիրներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, հորդորեց նրանց ապրել Քրիստոսի հավատարիմ զավակը լինելու հպարտությամբ:
Սուրբ Գևորգ զորավարի տոնին նվիրված Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Լևոն Զարգարյանը, Ավետիք Հարությունյանը, Աննա Սահակյանը, ինչպես նաև Վրաստանի մայրաքաղաքի Իսանի շրջանի գամգեբելիի պաշտոնակատար, մեծամասնական պատգամավորության թեկնածու Կախի Լաբուչիձեն:
Ժողովրդի կողմից սիրված Սուրբի տոնը նաև ժողովրդական հագեցվածություն ուներ:
Առաջնորդական տեղապահի կողմից օրհնվեց և ներկաներին բաժանվեց Սուրբ Գևորգի տոնի առիթով հավատացյալների կողմից արված մատաղը: Եկեղեցասեր կանանց միության նախաձեռնությամբ և խաչի քավոր Յուրի Երեմյանի աջակցությամբ կազմակերպվեց տորթով և տարբեր խմորեղենով հյուրասիրություն:
Սուրբ Գևորգ զորավարի տոնը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Եկեղեցական արարողություններ և ժողովրդական տարբեր միջոցառումներ տեղի ունեցան հատկապես Սուրբի անունով եկեղեցիներում:
Հավելենք, որ Սուրբ Գևորգ տաճարը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, այն կառուցվել է 13-րդ դարում, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 2015 թվականին հիմնովին վերանորոգվելով IDeA հիմնադրամի և այլ բարերարների միջոցներով, Սուրբ Գևորգ եկեղեցին (կամ Բերդի Մեծ եկեղեցին) շարունակում է իր շուրջը համախմբել վիրահայությանը, հանդիսանալով թեմի առաջնորդանիստը: