Материалы

Հոգեհանգստյան կարգ երկրաշարժի զոհերի հիշատակին

Թեև անցել է 33 տարի, բայց աշխարհասփյուռ հայությունը շարունակում է իր խոնարհումը բերել Հայաստանի Հանրապետության Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ կորուսված ընտանիքների ու անմեղ մարդկանց, որ դարձան բնական աղետի ավերիչ ու մահասարսուռ րոպեների անմեղ զոհեր:

Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն: Ոգեկոչման արարողությանը ներկա էին թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Հավարտ ծիսական արարողության, ներկաներին դիմեց  Թեմակալ առաջնորդը: Վերջինս անդրադարձ կատարելով աղետաբեր  արհավիրքի օրերին, նշեց, որ թեև անցել է երեք տասնամյակից ավելի, սակայն Հայաստանի Հանրապետությունում դեռևս նկատելի են ավերիչ երկրաշարժի հետևանքները: Ցավոք, դեռևս կան ընտանիքներ, որ շարունակում են ապրել փայտաշեն տնակներում, կարիքի ու ցրտի պայմաններում: Հայր Սուրբը հորդորեց լինել միասնական, միմյանց նեցուկ կանգնելով պայքարել երկրի հզորացման համար: Դա է բազում արհավիրքների միջով անցած, դաժան ճակատագիր ունեցող մեր ժողովրդի կյանքի և հարատևության միակ ճանապարհը,-եզրափակեց իր խոսքը Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը:

2

Չնայած ժամանակը սպիացնում է վերքերը, բայց հայ մարդը այսօր մոմ վառելով երկրաշարժի զոհերի հիշատակին, իր աղոթքով հայցեց խաղաղություն անմեղ նահատակների հոգիների համար:

1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժն ընդգրկել էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ շուրջ 20 000 մարդ: Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարեց գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասցվեց գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ: 

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են