Материалы

ԳՐԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ «ԱՄԵՆ ԲԱՌԻ ԽՈՐՔՈՒՄ ՄԻ ԱՍՏՎԱԾ Է ՆՍՏԱԾ...»

2021 թվականի դեկտեմբերի 5-ին, Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանի (Նինոծմինդայի շրջան, գյուղ Հեշտիա), Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի (ղեկավար՝ Գիսանե Հովսեփյան) նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, տեղի ունեցավ «Գրական ընթերցումներ» խորագրով առցանց հանդիպումը՝ նվիրված վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ, գեղանկարիչ Վիկտոր Հովսեփյանի հիշատակին: Այն դարձավ հովսեփյանական պոեզիայի ավանդական օրվա հերթական միջոցառումը, որն իրականացվեց Messenger հարթակում: Հանդիպմանը միացել էին Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի երկրպագուները Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Անգլիայից, Իռլանդիայից, Հովսեփյան ընտանիքի անդամները, բարեկամները...

Միջոցառմանը երախտագիտության և գնահատանքի խոսքեր հնչեցին Նինոծմինդայի շրջանային վարչության ղեկավարների, բանաստեղծ, թարգմանիչ, ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանի հասցեին՝ շնորհաշատ բանաստեղծի գրական ժառանգության պահպանության և հանրայնացման ուղղությամբ արված աշխատանքների համար:

Հանդիպման վարող Գիսանե Հովսեփյանը փոխանցեց Նինոծմինդայի քաղաքապետ Անի Մոսոյանի և Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Վահան Արոյանի ողջույնները և բարեմաղթանքները:

Առցանց միջոցառմանը միացավ և իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և ընդգծեց գրականության դերը հոգևոր արժեքների պահպանման ու զարգացման գործում:

 Գ. Հովսեփյանը ներկայացրեց Վրաստանի մշակույթի նախարարության հովանավորությամբ և ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ լույս տեսած «Երկխոսություն քնարերգության լեզվով» երկլեզվյա բանաստեղծական ժողովածուն, որն ամփոփում է վրաց դասական Տերենտի Գրանելու և Վիկտոր Հովսեփյանի բանաստեղծությունները: Տ. Գրանելին գրքում ներկայացվում է Վիկտոր Հովսեփյանի թարգմանությամբ, Վ. Հովսեփյանը վրացերեն՝ Գիվի Շահնազարի և Մաղվալա Գոնաշվիլու թարգմանությամբ: Նշվեց, որ Հովսեփյան ընտանիքը սկսել է Վ. Հովսեփյանի գեղանկարների՝ մեկ գրքով տպագրման աշխատանքները:

Վիկտոր Հովսեփյանի գրական ժառանգության մասին խոսեցին գրականագետներ Աբգար Ափինյանը, Էմմա Ախտյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը և ուրիշներ:

Վ. Հովսեփյանի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանության հնչեղության շուրջ խոսեցին ՀՀ և ՌԴ գրողների միության անդամ Նաիրա Սիմոնյանը, գրող, թարգմանիչ Պավել Չերկաշինը:

Միջոցառմանը Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործություններից ասմունքեցին բանաստեղծի քույրը՝ Լիդա Հովսեփյանը, եղբոր թոռնուհին՝ Մարիա Հովսեփյանը, ներկաներից շատերը:

Նույն օրը Հեշտիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գյուղի հոգևոր հովիվ Արժ. Տ. Անտոն քահանա Անտոնյանը բարեխոսական աղոթք էր բարձրացրել Վիկտոր Հովսեփյանի հոգու հանգստության համար:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են