Материалы

Հայրերին և մայրերին նվիրված խաչքարի բացում Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցում

2021 թվականի դեկտեմբերի 26-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, պատարագիչ արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանի կողմից մատուցվեց տարեվերջի կիրակնօրյա Սուրբ Պատարագը:

Տոնական օրը դարձավ  նաև պատմական: Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդանիստ, 13-րդ դարի կառույց Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ հայրերի և մայրերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը:  Երկու կողմից զարդանախշերով փորագրված առաջին խաչքարը, որը վեր խոյացավ հինավուրց եկեղեցու բակում, յուրատեսակ խորհրդավորություն հաղորդեց շրջապատին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի, Գումբուրդոյի և Կարսի թեմի միտրոպոլիտ  Նիկոլոզ Փաչուաշվիլին,  Թբիլիսիի սակրեբուլոյի (ժողովրդական ժողովի) մեծամասնական  պատգամավոր  Կախաբեր Լաբուչիձեն,  մայրաքաղաքի Իսանի շրջանային վարչության նախագահ  Նիկա Էլիսաշվիլին: 

270082951

Խաչքարի տեղադրումը նախաձեռնել  և իրականացվել էր  թբիլիսաբնակ  Խաչատուրյան ընտանիքի բարերարությամբ: Խաչքարի խորհուրդը՝ զավակների խոնարհումն է իրենց ծնողների՝ հայրերի և մայրերի  առջև: Խաչքարի օծմանը ներկա էր բարերար Արմեն Խաչատուրյանը՝ ընտանիքի և հարազատների հետ:

Հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ հոգեհանգստյան արարողությունից հետո, Վիրահայոց Թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ  կատարվեց  խաչքարը սրբազնագույն  մյուռոնով օծելու սրբազան կարգ:

Նորաօծ խաչքարի բացման կապակցությամբ Հոգեշնորհ Հայր Կիրակոսը  շնորհավորեց ներկաներին, անդրադարձ կատարեց խաչքարի խորհրդին և իր գնահատանքը հայտնեց  բարերարին եկեղեցանվեր գործի համար: Թեմակալ առաջնորդի կողմից  բարերար Արմեն Խաչատուրյանին  փոխանցվեց առաջնորդական օրհնության և գնահատանքի գիր:

Վրաց Ուղղափառ եկեղեցու  միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին իր շնորհավորանքի խոսքում կարևորեց մեր Տեր Հիսուս Քրիստոսով երկու քրիստոնյա եկեղեցիների միասնությունը և  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցուն նվիրեց  Հիսուս Քրիստոսի նկարը, որպես Քրիստոսի լույսով   Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միասնության վկայություն:

Խաչքարի պատվանդանը զարդարվեց  ծաղիկներով,  բարերարար Խաչատուրյան ընտանիքի կողմից  կատարվեց մատաղով  և տորթով հյուրասիրություն:

270124538

270179646

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են