Հայրերին և մայրերին նվիրված խաչքարի բացում Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցում
2021 թվականի դեկտեմբերի 26-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, պատարագիչ արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանի կողմից մատուցվեց տարեվերջի կիրակնօրյա Սուրբ Պատարագը:
Տոնական օրը դարձավ նաև պատմական: Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդանիստ, 13-րդ դարի կառույց Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ հայրերի և մայրերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Երկու կողմից զարդանախշերով փորագրված առաջին խաչքարը, որը վեր խոյացավ հինավուրց եկեղեցու բակում, յուրատեսակ խորհրդավորություն հաղորդեց շրջապատին:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի, Գումբուրդոյի և Կարսի թեմի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին, Թբիլիսիի սակրեբուլոյի (ժողովրդական ժողովի) մեծամասնական պատգամավոր Կախաբեր Լաբուչիձեն, մայրաքաղաքի Իսանի շրջանային վարչության նախագահ Նիկա Էլիսաշվիլին:
Խաչքարի տեղադրումը նախաձեռնել և իրականացվել էր թբիլիսաբնակ Խաչատուրյան ընտանիքի բարերարությամբ: Խաչքարի խորհուրդը՝ զավակների խոնարհումն է իրենց ծնողների՝ հայրերի և մայրերի առջև: Խաչքարի օծմանը ներկա էր բարերար Արմեն Խաչատուրյանը՝ ընտանիքի և հարազատների հետ:
Հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ հոգեհանգստյան արարողությունից հետո, Վիրահայոց Թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ կատարվեց խաչքարը սրբազնագույն մյուռոնով օծելու սրբազան կարգ:
Նորաօծ խաչքարի բացման կապակցությամբ Հոգեշնորհ Հայր Կիրակոսը շնորհավորեց ներկաներին, անդրադարձ կատարեց խաչքարի խորհրդին և իր գնահատանքը հայտնեց բարերարին եկեղեցանվեր գործի համար: Թեմակալ առաջնորդի կողմից բարերար Արմեն Խաչատուրյանին փոխանցվեց առաջնորդական օրհնության և գնահատանքի գիր:
Վրաց Ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին իր շնորհավորանքի խոսքում կարևորեց մեր Տեր Հիսուս Քրիստոսով երկու քրիստոնյա եկեղեցիների միասնությունը և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն նվիրեց Հիսուս Քրիստոսի նկարը, որպես Քրիստոսի լույսով Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միասնության վկայություն:
Խաչքարի պատվանդանը զարդարվեց ծաղիկներով, բարերարար Խաչատուրյան ընտանիքի կողմից կատարվեց մատաղով և տորթով հյուրասիրություն: