Նռնօրհնեքի կարգ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում
2021 թվականի դեկտեմբերի 31-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, կատարվեց Գոհաբանական մաղթանք և Նռնօրհնեք:
Հընթացս ծիսական արարողակարգի, Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Հայաստանյայց բոլոր գործող եկեղեցիներում տարեմուտի օրը գոհաբանական մաղթանքից հետո նռան օրհնության կարգով հին տարին ավարտելու և նորը սկսելու մասին, հավուր պատշաճի խոսեց արարողության խորհրդի մասին, զուգահեռ անցկացրեց նռան հատիկների և Երկիր մոլորակի վրա բնակվող մարդկության միջև, որոնք թեև միատեսակ են, բայց և նրանցից ոչ մեկը մյուսի նման չէ: Եվ որ նրանց բոլորին կապում է հավատը, հույսը և սերը: Հայր Սուրբը ներկաներին շնորհավորեց գալիք 2022 թվականի կապակցությամբ, Նոր տարում խաղաղություն, առողջություն և հաջողություններ մաղթելով աշխարհին և մարդկանց:
Հգշ. Տեր Կիրակոս վարդապետի գլխավորությամբ, հոգևորականաց դասի կողմից շարականների երգեցողության ուղեկցությամբ, օրհնվեց խորանի վրա փառահեղորեն շարված նռները և բաժանվեց ներկաներին:
Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Գոհաբանական աղոթքով և Նռնօրհնեքով եզրափակվեց 2021 թվականի ծիսական արարողությունների կարգը, բարեմաղթանքով մեկնարկեց նոր՝ 2022 թվականը: