Материалы

Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում

2022 թվականի հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության  նախատոնակին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Բազմամարդ էին Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի հայոց եկեղեցիները, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին Թբիլիսիի Սակրեբուլոյի (Ժողովրդական ժողովի) նախագահ Գիորգի Տղեմալաձեն, Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Կախա Լաբուչիձեն, մտավորականներ,  թբիլիսահայ հասարակայնության անդամներ, հյուրեր:  Մինչև Սբ. Պատարագի սկսվելը կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին Սուրբ Գրքից  հատվածներ:

271534348

Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Հընթացս Ս. Պատարագի պատարագիչ քահանան իր քարոզում անդրադարձ կատարեց Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդին, այն է՝Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը որպես պարգև մարդկությանը՝ մեղքերից ձերբազատվելու, մարդկանց ցավերն ամոքելու, նրանց համար հույս և ապավեն դառնալու, մարդկանց  դեպի Երկնային թագավորություն առաջնորդելու համար:

Արժ. Տեր Վիրապը դիմելով ներկաներին,  խնդրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը դիմավորել Աստծու Տանը, եկեղեցիներում և  տաճարներում, և այնտեղ լսել Աստծու միածին որդու՝ ծննդյան ավետիսը: Պատարագիչ քահանան  հորդորեց հավատացյալներին իրենց աղոթքներում խնդրել, որ Աստված Իր իմաստության Լույսը ծագեցնի նրանց հոգում, որպեսզի նրանց սիրտը դառնա բեթխեհեմյան այն մսուրը, որտեղից ճառագայթող Լույսը  դառնա  Սեր և բարություն,  փառավորվի ամենքի կյանքում և հավատքի մեջ:

271320910

Հավարտ Ս. Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը  ավետեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և վառեց կենսատու մոմը, որը  խորհրդանշում է Աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Այդ լույսը առավել էր, քան Արեգակը,  որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը:  Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագին ներկա հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով  իրենց հետ տուն տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:

Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի Թեմակալ առաջնորդի  նստավայր, որտեղ կատարվեց տնօրհնեքի կարգ:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատկին նախորդ օրերը կոչում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել:

2712766719

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են