Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում բարձրացվեց էկումենիկ աղոթք
2022 թվականի հունվարի 21-ին Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում բարձրացվեց հերթական էկումենիկ աղոթքը: Աղոթքին ավանդաբար մասնակցում են Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Լատինա-կաթոլիկների կովկասյան առաքելական վարչությունը, Վրաստանում Ավետարանական-լութերական եկեղեցին և Վրաստանի Ավետարանական-մկրտական եկեղեցին:
Էկումենիկ աղոթքի ավանդույթը, մեկ անգամ ևս հաստատում է տարբեր երկրներում, այդ թվում նաև Վրաստանում, առկա կրոնական համերաշխությունը: Մասնակից եկեղեցիները ամենամյա Էկումենիկ աղոթքը հյուրընկալում են հերթականությամբ:
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով Վրաստանում գործող սահմանափակումները սակայն խոչընդոտ չհանդիսացան երկրի 4 քրիստոնեական դավանանքների մասնակցությամբ համատեղ միասնության աղոթք բարձրացնելուն: Այս տարվա էկումենիկ աղոթքի կազմակերպիչն էր Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը՝ առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, արժ. Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի կազմակերպմամբ և հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ:
Էկումենիկ աղոթքին ներկա էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու եպիսկոպոս Մալխազ Սոլղուլաշվիլին, Վրաստանում Ավետարանական-լութերական եկեղեցու փոխառաջնորդ Իրեն Սոլեյը, հոգևոր սպասավորներ, հավատացյալներ:
Էկումենիկ աղոթքի արարողակարգը բացեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը: Ողջունելով թեմական առաջնորդներին և իր օրհնությունը հղելով ներկաներին, Հայր Սուրբը բարձրաձայնեց ընթացիկ տարվա միասնության աղոթքի նշանաբանը, Մատթեոսից 2.2. «Երբ արևելքում էինք, նրա աստղը տեսանք և եկել ենք խոնարհվելու նրա առաջ»։
Բոլոր մասնակիցները խոսեցին էկումենիկ աղոթքի կարևորության մասին նշելով, որ այսպիսի միջոցառումները կարող են մոտեցնել եկեղեցիների հավատացյալներին` պաշտելու միակ Աստծուն և Փրկչին` Հիսուս Քրիստոսին: Առաջնորդ հոգևորականները շրջապատեցին սիրո և խաղաղության լույսով վառված խորհրդանշական «Բեթղեհեմյան աստղը», միասին աղոթեցին Աստծու խոսքը լսելու, միասին լինելու և աշխարհում խաղաղություն հաստատելու, համաճարակային արհավիրքներից մարդկությանը փրկելու, տարհանվածներին և փախստականներին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով:
Էկումենիկ աղոթքն ավարտվեց առաջնորդների կողմից իրենց մայրենի լեզվով Տերունական աղոթքով:Էկումենիկ աղոթքին հոգևոր երգերի գեղեցիկ և հոգեհմա կատարումներով մասնակցեց Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախումբը՝ խմբավար Սվետլանա Տատոևայի գլխավորությամբ:
Էկումենիկ աղոթքի համաշխարհային ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է և այն իրականացվում է արդեն 30 տարի: Այն ամեն տարի անցկացվում է հունվարի 18-ից հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում: