Материалы

Վիրահայոց թեմում Սրբոց Վարդանանց տոնը նշվեց Սբ. Պատարագով

2022 թվականի փետրվարի 24-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի,  մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի օրվան:

Սրբազան արարողությանը ներկա էին հոգևոր և սարկավագաց դասը, թբիլիսահայ մտավորականներ, հավատացյալներ: Օրվա Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Պատարագիչ քահանան և հոգևոր սպասավորները աղոթք բարձրացրին առաջնորդանիստ տաճարի Սրբոց Վարդանանց անունը կրող խորանում: Հընթացս Սուրբ Պատարագի Հայր Սուրբի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ «Վասն համօրէն ննջեցելոց ազգիս հայոց»:

274699343

Տեր Վիրապը հավուր պատշաճի քարոզ խոսեց հերոս զորավարների և նրանց զինակիցների մասին, ովքեր ազգովի պայքարի էին ելել հանուն հավատքի և հայրենիքի: Իր քարոզում հոգևոր հայրը արժևորեց հայրենասիրության, հոգու արիության և հավատքին նվիրվածության առաքինությունները, որոնք մարմնավորում էին Մեծն Վարդան զորավարն ու նրա զինակիցները և հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ Սրբոց Ղևոնդյանց և Սրբոց Վարդանանց հիշատակին ու ժառանգությանը:

Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է: Այդ առիթով հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության  աղերսով:

Օրհնելով ներկաներին և հոգևոր դասին, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանն իր քարոզչությունում ընդգծեց, որ Սրբոց Վարդանանց տոնը այն հերոս զինվորների հիշատակի օրն է, ովքեր ընկան հայրենիքը պաշտպանելու և հավատքին հավատարիմ մնալու մաքառումներով: Դրանք նաև այն 44-օրյա արցախյան  պատերազմի 5-հազարից ավելի զոհերն են, որոնց հիշատակը պահպանվում է ազգի ու ժողովրդի հոգում:

Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց Ուկրաինայում կատարվող իրադարձություններին, որոնք  մահ ու ավերածություն են սփռում շուրջբոլորը:  Հայր Սուրբը ներկաներին հորդորեց մոտ լինել Աստծուն, ներկա գտնվել եկեղեցիներում կատարվող Սբ.Պատարագներին և բոլոր ծիսակատարություններին, քանզի սուրբ տաճարներում է քարոզվում, պահպանվում և  տարածվում հայրենիքը պաշտպանելու, ազգայինը պահելու, հավատքին հավատարիմ  մնալու գաղափարները:

 Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ, կոչ անելով նրանց լինել Վարդանանց  ազնիվ ու քաջ զավակներն ու հետևորդները:

Սրբոց Վարդանանց տոնը Սուրբ Պատարագներով նշվեց Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում:

274743647

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են