Բարություն սերմանելը բխում էր Ալ. Մանթաշյանցի սրտից
2022 թվականի մարտի 3-ին, լրացավ հայ նշանավոր գործարար և բարեգործ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկի, «նավթի արքա» մականունը վայելող Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակը:
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը, որտեղ մեծ բարերարի խորհրդանշական շիրիմ-տապանաքարն է և որտեղ կանգնեցված է նաև հայրենասիրության և ժողովրդասիրության նվիրյալի կիսանդրին, բազմամարդ էր:
Ի նշանավորումն ազգի արժանավոր զավակ, մեծ հայրենասեր և ժողովրդասեր, նվիրյալ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվան, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ, արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ և հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ մեծ բարերարի հոգու հանգստության համար:
Արժ. Տեր Սամվել քահանան անդրադարձ կատարեց ազգի երևելի զավակ Մանթաշյանցի կյանքին ու գործունեությանը, վերհիշեց այն մեծագործությունները, որ սրտի թելադրանքով և իմաստուն հեռատեսությամբ իրականացրել է մեծ հովանավորը: Առաջնորդվելով կրթության, լուսավորության, մշակույթի զարգացման կարևորությամբ, մեծ բարերարը ապահովել է շնորհալի երիտասարդների կրթությունն ու առաջընթացը, այդպիսով կանաչ ճանապարհ բացել երկրի զարգացման, ծաղկման, առաջընթացի համար: Սրտի թելադրանքով Ալեքսանդր Մանթաշյանցը ապրում էր բարություն սերմանելով ու բարեգործություն տարածելով:
Շուրջբոլորը խնկաբույր ծխեցնելուց և աղոթք բարձրացնելուց հետո ներկաները ծաղիկներ զետեղեցին Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրու պատվանդանին, իրենց խոնարհումը բերելով ոչ միայն վրացահայության, այլև ազգի աշխարհասփյուռ զավակների հպարտություն հանդիսացող, բարեգործության և մարդասիրության իսկական կերպար Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին: