Материалы

Բարություն սերմանելը բխում էր Ալ. Մանթաշյանցի սրտից

2022 թվականի մարտի 3-ին, լրացավ  հայ նշանավոր գործարար և  բարեգործ, իր ժամանակի  ամենահարուստ մարդկանցից մեկի, «նավթի արքա» մականունը վայելող Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակը:

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը, որտեղ մեծ բարերարի խորհրդանշական  շիրիմ-տապանաքարն  է և որտեղ կանգնեցված է նաև  հայրենասիրության և ժողովրդասիրության նվիրյալի կիսանդրին, բազմամարդ էր:

Ի նշանավորումն ազգի  արժանավոր զավակ, մեծ հայրենասեր և ժողովրդասեր, նվիրյալ  բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվան, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ, արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ և  հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ,  կատարվեց հոգեհանգստյան  կարգ՝ մեծ բարերարի հոգու հանգստության համար:

2

Արժ. Տեր Սամվել քահանան  անդրադարձ կատարեց  ազգի երևելի զավակ Մանթաշյանցի կյանքին ու գործունեությանը, վերհիշեց այն մեծագործությունները, որ սրտի թելադրանքով և իմաստուն հեռատեսությամբ իրականացրել է  մեծ հովանավորը: Առաջնորդվելով կրթության, լուսավորության, մշակույթի զարգացման կարևորությամբ, մեծ բարերարը ապահովել է շնորհալի  երիտասարդների կրթությունն ու առաջընթացը, այդպիսով  կանաչ ճանապարհ բացել երկրի զարգացման, ծաղկման, առաջընթացի համար: Սրտի թելադրանքով Ալեքսանդր Մանթաշյանցը ապրում էր բարություն սերմանելով ու բարեգործություն տարածելով:

Շուրջբոլորը խնկաբույր ծխեցնելուց և աղոթք բարձրացնելուց հետո ներկաները ծաղիկներ զետեղեցին Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրու  պատվանդանին, իրենց խոնարհումը բերելով  ոչ միայն վրացահայության, այլև  ազգի աշխարհասփյուռ զավակների հպարտություն հանդիսացող, բարեգործության և մարդասիրության իսկական կերպար Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են