Материалы

«Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները Վիրահայոց թեմի երեխաներին

2022 թվականի մարտի 17-ը  արտակարգ ուրախության օր  դարձավ  Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների համար: Դեռևս առավոտյան «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի հայտարարությամբ, նրանց սպասում էր գեղեցիկ անակնկալ Վիրահայոց թեմի առաջնորդական  տեղաղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի այցելությամբ:  

Թեմակալ առաջնորդի  օրհնությունը ստանալուց հետո, գեղեցիկ անակնկալը բացահայտվեց. դա  «Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության Սուրբ Ծննդյան նվերների բաժանումն էր նախակրթարանի սաներին, որի պատճառած  անկրկնելի ուրախությանը երեխաների հետ մասնակից դարձան նաև  մեծահասակները:

Վերոնշյալ կազմակերպությունը  արդեն մի քանի  տարի, Վրաստանի տարբեր կրոնական կազմակերպությունների 2-14 տարեկան փոքրիկներին և անչափահասներին իր սերն ու բարությունը փոխանցում է գեղեցիկ նվերներով, որոնք լի են ուրախությամբ, անակնկալով, զարմանքով և հետաքրքրությամբ: Այդ նվերները Հիսուս Քրիստոսի՝ երեխաների նկատմամբ տածած մեծ սիրո արտահայտությունն է: Այն նաև սովորեցնում է սիրել Եկեղեցին, դաստիարակվել քրիստոնեական սիրո և բարության գաղափարներով և օրինակ վերցնել քրիստոնեաբար ապրող իրենց հասակակիցներից:

276135847

«Սամարացիների քսակ» կազմակերպության Վիրահայոց թեմի աշխատանքների համակարգող արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորությամբ,  Վիրահայոց թեմի եկեղեցիներին հատկացվեց 5000 տուփ նվեր: Նվերները նախատեսված են եկեղեցիների  հոգևոր, մշակութային և կրթական կենտրոնների նախակրթարանների, կիրակնօրյա դպրոցների, գեղարվեստական խմբերի սաների համար:

 «Սամարացիների քսակ» կազմակերպության նվերների ուրախությունն ու բերկրանքը օրեցօր զգում են  Թբիլիսիի հայկական, հանրային եւ կիրակնօրյա դպրոցների սովորողները,  մշակութային եւ հանրային կառույցների աշխատողների  երեխաները, ինչպես նաև Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային կենտրոնի սաները, Ռուսթավի քաղաքի ու Գարդաբանիի հայ երեխաները:  Նվերների անակնկալը ուրախություն կբերի նաև Աջարայի եւ Ջավախքի բոլոր հայաբնակ շրջանների եւ գյուղերի երեխաներին,  Մառնեուլի, Բոլնիսի, Թեթրիծղարոյի, Ծալկայի շրջանների և գյուղերի դպրոցականներին, մանկապարտեզների սաներին և աշխատողների երեխաներին:  Տեղերում նվերների բաժանումը կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի հոգեւոր դասի օրհնությամբ և մասնակցությամբ:

Փոքրիկ տուփերով պատրաստած նվերների միջոցով արտասահմանի  տարբեր քաղաքների երեխաները իրենց սերն ու բարությունն են պարգևում  Վրաստանում բնակվող շուրջ 20 հազար իրենց հասակակիցներին: Բարեգործությունը  տարածվող է, հրապուրիչ և ուրախություն պատճառող: Հուսանք, որ մեր երեխաները նույնպես  քրիստոնեական իրենց սերն ու բարությունը կնվիրեն հասակակից անծանոթ  ընկերներին:

275997848

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են