Աստվածամոր Ավետման տոնը Վիրահայոց թեմում
Աստվածամոր Ավետման տոնը Հայոց Եկեղեցին անշարժ նշում է ապրիլի 7-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ.Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այդ օրը հռչակել է մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր և այն նշանավորվում է հայոց եկեղեցիներում Սուրբ Պատարագների մատուցմամբ և մշակութային միջոցառումներով:
2022 թվականի ապրիլի 7-ին, Թբիլիսիում, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց հոգևոր սպասավոր արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ-քահանան խոսեց Աստվածամոր տոների և Հայոց Եկեղեցում Սուրբ Մարիամի խորհրդի մասին և շնորհավորեց բոլոր մայրերին ու քույրերին տոնի կապակցությամբ, փոխանցեց թեմակալ առաջնորդի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Սբ. Պատարագից հետո տոնը շարունակվեց Թեմի «Հայարտուն» կենտրոնում, որտեղ նախատեսված էր համերգային ծրագիր և Հովհ. Թումանյանի ծննդյան օրվան նվիրված «Հովհաննես Թումանյան-153» շարքի ամփոփում: Բացելով միջոցառումը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը ողջունեց ներկաներին, ընդորում՝ ք. Ռուսթավիից ժամանած Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնի սաներին, ուսուցիչներին, ծնողներին, և շնորհավորեց համաքրիստոնեական տոնական օրը:
Երևանի «Հովհ. Թումանյանի թանգարանի» նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» ու «Հայարտուն» գիտա-կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների համագործակցությամբ, Վրաստանի թեմապատկան կենտրոնների և հասարակական կազմակերպությունների գեղարվեստական խմբերը, հայոց դպրոցների սաները ընդգրկվել էին երևանյան երաժշտական ուղերձների ծրագրին: «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը արժևորեց այն ակտիվությունն ու պատրաստակամությունը, որ դրսևորեցին մասնակիցները Ամենայն հայոց բանաստեղծի երգերի վերածված ստեղծագործությունների տարածման նպատակով: Թբիլիսիի Սբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի (խմբավար՝ Սվետլանա Տատոևա), Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի (խմբավար՝ Լուիզա Վարդանովա), «Սբ Ներսես Շնորհալի» մանկական երգչախմբի (խմբավար՝ Մարի Աբուլյան),«Հայոս բենդ» համույթի (ղեկավար՝ Վլադիմիր Ասատուրով), ՀԿ Վրացահայերի միության կատարողների, Ռուսթավիի «Սբ Գրիգոր Նարեկացի» կենտրոնի «Բերկրի» երգչախմբի և անհատ երգիչների (ղեկավար՝ Սերգո Հարությունյան) և մյուս մասնակիցների կողմից երաժշտական համարների կատարմամբ, հանդիսավոր պայմաններում հանրագումարվեցին ծրագրի արդյունքները և մասնակիցներին փոխանցվեցին հավաստագրեր և հուշանվերներ:
Միջոցառումն օրհնության խոսքով ամփոփեց Վիրահայոց թեմի ք. Ռուսթավիի «Սբ.Գրիգոր Նարեկացի» հոգևոր,կրթամշակութային կենտրոնի ղեկավար և հոգևոր տեսուչ արժ. Տեր Նարեկ քհն. Ղուշչյանը: Վերջինս արժևորեց նման միջոցառումների կազմակերպումը, քանզի առցանց ձևաչափով իրականացվող տեսափառատոները, ի մասնավորի համաճարակային սահմանափակումների ժամանակ, նպաստում են աճող սերնդի առօրյան հետաքրքիր, արդյունավետ և ուսանելի դարձնելուն: Տեր Նարեկը գնահատանքի խոսքեր ուղղեց կազմակերպիչներին և մասնակիցներին և շնորհավորեց Մայրության և գեղեցկության տոնը:
Տեսափառատոնի ձևաչափով միջոցառմանը Վրաստանից ներկայացվեց 26 տեսաերիզ Թբիլիսիի, Ռուսթավի,Բաթումի, Ախալքալաքի, Նինոծմինդայի շնորհալիների կատարումներով: Հավաստագրեր կփոխանցվեն նաև տարածաշրջանների բոլոր մասնակիցներին: