Գարնան բերկրանքը նախակրթարանի սաների ներկայացմամբ
2022 թվականի ապրիլի 8-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի՝ գարնանը նվիրված գեղեցիկ միջոցառում: Սաները ներկայացրին գարունն իր ողջ գեղեցկությամբ ու հմայքով: Երփներանգ ծաղիկներով զարդարված դահլիճում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, ասես գարունն իր ողջ գեղեցկությունը փորձել էր հանդիսատեսին փոխանցել մանուկների անկեղծ ժպիտի և դահլիճի գունագեղ զարդարանքի, գարնանային ծաղիկների գեղեցիկ հանդերձանքով հանդես եկող երեխաների միջոցով: Գարունը տոն է ոչ միայն ծաղիկներով ու ջերմացնող Արևով, այլև սիրասուն մայրերի տոնը, որը նշվում է հատկապես գարնան հրաշալի օրերին: Միջոցառման բովանդակության հենքում այն բարի ու անկեղծ ցանկությունն էր, որ գարունները հավերժ խաղաղ լինեն և մանուկները միշտ ժպտան:
Միջոցառումը, որին իր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, մեկնարկեց երեխաների շուրթերով ասված Տերունական աղոթքով և Հայր Սուրբի օրհնությամբ:
Ողջունելով ներկաներին, կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը շնորհավորեց անցած Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, մաղթեց գարնանային տրամադրություն և զարթոնքի բերկրանք: Ղեկավար Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին նախակրթարանի աշխատանքներին սատարելու համար:
Փոքրահասակները, որ գույնզգույն հագուստով իսկական ծաղիկներ էին դարձել, իրենց արտասանությամբ, երգով, պարով և գեղեցիկ շարժումներով գարնանային շունչ և տրամադրություն բերեցին ներկաներին: Կարևորվեց փոքրիկների ուրախ ելույթներում ներառված դաստիարակչական նրբերանգը. միասին լինելու, հոգատարությամբ գործելու անհրաժեշտությունը, որն արտահայտվեց փոքրիկների կողմից ծաղիկների և Արևի տեսքով:
Վիրահայոց թեմի առաջնորդական Տեղապահն իր օրհնության խոսքում գնահատանքի խոսքեր ուղղեց նախակրթարանի մանկավարժներ Սյուզանա Բրուտյանին, Աիդա Բազոյանին, դայակ Երինազ Բաղդասարյանին,»Հայարտուն» կենտրոնի ղեկավար անձնակազմին և աշխատակիցներին, ում նվիրական ու ժրաջան աշխատանքի շնորհիվ նախակրթարանում և ընդհանուր առմամբ կենտրոնում իրականացվում է հայ երեխային հայկական շնչով մեծացնելու, հայ մշակույթով դաստիարակելու ազգանվեր աշխատանքը: Հայր Սուրբը բարձր գնահատեց նախակրթարանում կազմակերպվող հանդեսներում նկատվող ճաշակն ու ստեղծագործական մոտեցումները:
Վերջում «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները ստացան իրենց դիմանկարով հայերեն օրացույցներ: