Материалы

Ծաղկազարդ` նորաօծ քահանայի անդրանիկ Սբ.Պատարագը տոնական օրվա կապակցությամբ

2022 թվականի ապրիլի 10-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Առավոտից մարդաշատ էին Վիրահայոց թեմի Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցիների բակը և շուրջբոլորը:  Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը:

Հավատացյալներով լեփ-լեցուն Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Օրը  կրկնակի տոնական էր  Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ  Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, իր անդրանիկ Սբ. Պատարագն էր մատուցում Վիրահայոց թեմում հոգևոր ծառայությանը նվիրված Հարությունյան ընտանիքի երրորդ ներկայացուցիչը՝ նորաօծ  Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը: Սբ. Պատարագին ներկա էին այս եկեղեցում իրենց հոգևոր ծառայությունը իրականացնող պապը՝ արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը և հայրը՝ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:

Հընթացս Սբ. Պատարագի պատարագիչ քահանան երախտագիտություն հայտնեց հավատքին   իր նվիրումն օրհնելու, հոգևոր ծառայության մեջ իրեն ընդգրկելու և Ամենազոր Աստծու  պատվիրանների ու պատգամների  քարոզչությունը վստահելու համար:  Դամասկոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի կողմից ձեռնադրված նորաօծ հոգևոր սպասավորը  հավուր պատշաճի քարոզ խոսեց Ծաղկազարդի խորհրդի և տոնի հոգևոր պատգամի , ինչպես նաև Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագների մասին:

Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր: Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդի նախագահությամբ եկեղեցում կատարվեց մանուկների օրհնության կարգ: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը շնորհավորեց և բարի ու նվիրական ծառայություն մաղթեց Վիրահայոց թեմի քահանայական դասին անդամագրված Տեր Հովսեփ քահանա Հարությունյանին:

Տոնը Սբ Պատարագներով և մանուկների օրհնության կարգով նշանավորվեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին, Բաթումիի  Սուրբ փրկիչ, Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սբ. Խաչ,  Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սբ. Սարգիս, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի ք. Ռուսթավիի, Մառնեուլիի, Ծալկայի, Թեթրիծղարոյի հայոց եկեղեցիներում և հարակիցմատուռներում:

Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց հոսքը Հայոց Եկեղեցիներ: Հոգևոր հայրերը օրհնում էին հավատացյալների ձեռքին ունեցած ուռենու ոստերը, քանզի ոստերը և ճյուղերը խորհրդանշում են տոնի առանձնակի հանդիսավորությունը:

278269078 5074487639334674 1846738736236983994 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են