Ոտնլվայի և խավարման արարողությունները Թբիլիսիի հայոց եկեղեցիներում
2022 թվականի ապրիլի 14-ին, Ավագ Հինգշաբթի օրը, առավոտյան Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ:
Պատարագիչ քահանա հայրերը հավատացյալներին քարոզ խոսեցին Քրիստոսի Սուրբ Հաղորդության հաստատման մասին:
Այնուհետև Եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը:
Թբիլիսիի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, Տիրոջ այս օրինակով, շարականների երգեցողության ներքո, եկեղեցու խորանին ծնկաչոք լվաց տասներկու մանուկների ոտքերը և օծեց օրհնված յուղով: Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվեց Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:
Վիրահայոց թեմի եկեղեցիներում, ի մասնավորի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի նախագահությամբ կատարված արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցրեցին Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Հընթացս խավարման կարգի հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը ներկա հավատացյալներին հորդորեց Տեր Հիսուսին հավատարմության ուխտ անել, ապրել քրիստոնեական սիրով և երբեք չդավաճանել Աստվածորդուն:
Խավարման կարգ կատարվեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի մյուս եկեղեցիներում ևս: