Ավագ Ուրբաթի արարողությունները Թբիլիսիի հայոց եկեղեցիներում
2022 թվականի ապրիլի 15-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները: Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Եկեղեցասեր կանայք ծաղիկներով ու ճյուղերով զարդարեցին Տիրոջ խորհրդանշական գերեզմանը: Այնուհետև հավատացյալ հայորդիները համախմբվեցին Թեմի տարբեր եկեղեցիներում միասնական աղոթքի և Տիրոջ չարչարանքներին հաղորդակից լինելուն։ Այդ օրը թեմի եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո տեղի ունեցավ Խաչելության կարգ:
Թբիլիսիի Սորբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում, կատարվեց Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, ճանապարհին վարդաջուր ցողելով, պտտեցրին եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
Ավարտին, Տիրոջ Սրբալույս Գերեզմանի անուշաբույր ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին։