Материалы

Վիրահայոց թեմի եկեղեցիներում ազդարարվեց Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը

2022 թվականի ապրիլի 16-ին, երեկոյան, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում վառվեցին տաճարի ջահերն ու կանթեղները, բացվեցին խորանի վարագույրները և  մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Բազմամարդ էին հայոց եկեղեցիները, ամենուրեք  հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի հարության  ավետիսը:

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց նորաօծ քահանա Տեր Հովսեփ Հարությունյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի հոգեշնորհ Կիրակոս վարդապետը իր քարոզ խոսքում անդրադարձ կատարեց Ավագ շաբաթվա օրերին,  Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանին, որը մեզ ավանդում է մեր Տեր Հիսուսի` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը:

Հայր Սուրբը խորանից ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:  Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար:

278561574

Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը հավատացյալներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առիթով, բարեմաղթեց խաղաղություն, առաջընթաց ու զարգացում:

Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տները, իրենց հետ տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը:

 Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Առաջնորդական տեղապահի գլխավորությամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ օրհնվեցին հացը, ջուրը և աղը:

Սուրբ Հարության ավետիսով ավարտվեց 48 օր առաջ սկսված Մեծ պահքը, որը լուծվում է ձկնով, ձվով և յուղով:

278510443

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են