Материалы

Թբիլիսիում բացվեց հայ և վրաց ազգերի բարեկամությանը նվիրված խաչքար

Հայ և վրաց ազգերի բարեկամությունը սկիզբ է առել վաղնջական  ժամանակներից,  անցել բազում փորձությունների միջով և հասել մեզ, հետագայում ևս ամուր և անսասան մնալու ակնկալիքով: Երկու ազգերի ժողովուրդները հարազատ մնալով դարավոր բարեկամությանը,այն փոխանցում են սերունդներին, պատգամելով պահել և պահպանել քրիստոնյա ազգերի  բարի դրացիական հարաբերությունները:

2022 թվականի մայիսի 15-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցեց  նորաօծ Տեր Ղևոնդ քահանա Թարզյանը:  Հավարտ Սուրբ  Պատարագի, եկեղեցու բակում տեղի ունեցավ հայ և վրաց  ազգերի դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի օրհնության  կարգ:

Թբիլիսահայերը եկել էին մասնակցելու այն արարողությանը, որը իրենց  սրտամոտ էր ու հարազատ, քանզի խաչքարը նվիրված էր հայերի և վրացիների  միմյանց կողք կողքի ապրելու, միմյանց աջակցելու և համագործակցելու ավանդույթի պահպանմանը:

Ծնունդով թբիլիսահայ Մխիթյարան ընտանիքը, որ տասնամյակներ շարունակ ապրել է Թբիլիսիում, աստվածահաճո փափագով Լևոն և Գուրգեն եղբայրների նախաձեռնությամբ  Սբ. Էջմիածին եկեղեցու բակում կանգնեցրեց  գեղեցիկ խաչքար: Այն դարձավ ընտանիքի ավանդը երկու ազգերի բարեկամության ամրապնդման գործում, կարևորելով քրիստոնեության  տարածման մեջ  խաչքարի ազդեցիկ միջոց լինելու խորհուրդը:

Խաչքարի օրհնության արարողությունն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի ձեռամբ և հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ:

280949886

Բարձր գնահատելով Մխիթարյան ընտանիքի նախաձեռնությունը, թեմակալ առաջնորդը մաղթեց ներկաներին  հավատարիմ և անսասան մնալ քրստոնեական հավատքին և հաստատուն և ամուր պահել երկու դրկից ժողովուրդների բարեկամությունը:

Մխիթարյան ընտանիքի  կողմից խաչքարի սավանը իջեցրեց ընտանիքի հայրը՝ Իշխան Մխիթարյանը՝ առ Աստված աղոթք ուղղելով, որ երբեք չխաթարվի  հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունը, որ ամենուրեք եկեղեցիների  երկնակամարում  ճախրեն միայն խաղաղության աղավնիներ:

Խաչքարի օրհնության արարողությունը իրենց  ներկայությամբ հարգել էին   Թբիլիսիի Սակրեբուլոյի (քաղաքի ավագանու)  անդամներ  Օթար Գրիգոլիան, Կախա Լաբուչիձեն և Վլադիմիր  Բոժաձեն:  Տոնական հանդիսությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանւթյան դիվանագետներ Աննա Սահակյանը, Դավիթ Ջանազյանը և Ավետիք Հարությունյանը:

Թբիլիսիի Սակրեբուլոյի  անդամ Կախա Լաբուչիձեն, անդրադարձ կատարելով հայ- և վրաց ժողովուրդների հոգեհարազատությանը, հիշեց 1989 թվականի ապրիլյան դեպքերը, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից  խաչքար կանգնեցվեց նույն Հավլաբար թաղամասում Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին: Եվ ընդգծեց, որ այսօր արդեն եկեղեցու բակում տեղադրված խաչքարը  եղբայրության ու բարեկամության  անշրջելիության խորհուրդ ունի:

Հավարտ հանդիսության, Մխիթարյան ընտանիքի  կողմից կատարվեց մատաղով հյուրասիրություն:

280672287

280481915

281545696

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են