Թբիլիսիում բացվեց հայ և վրաց ազգերի բարեկամությանը նվիրված խաչքար
Հայ և վրաց ազգերի բարեկամությունը սկիզբ է առել վաղնջական ժամանակներից, անցել բազում փորձությունների միջով և հասել մեզ, հետագայում ևս ամուր և անսասան մնալու ակնկալիքով: Երկու ազգերի ժողովուրդները հարազատ մնալով դարավոր բարեկամությանը,այն փոխանցում են սերունդներին, պատգամելով պահել և պահպանել քրիստոնյա ազգերի բարի դրացիական հարաբերությունները:
2022 թվականի մայիսի 15-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցեց նորաօծ Տեր Ղևոնդ քահանա Թարզյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, եկեղեցու բակում տեղի ունեցավ հայ և վրաց ազգերի դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի օրհնության կարգ:
Թբիլիսահայերը եկել էին մասնակցելու այն արարողությանը, որը իրենց սրտամոտ էր ու հարազատ, քանզի խաչքարը նվիրված էր հայերի և վրացիների միմյանց կողք կողքի ապրելու, միմյանց աջակցելու և համագործակցելու ավանդույթի պահպանմանը:
Ծնունդով թբիլիսահայ Մխիթյարան ընտանիքը, որ տասնամյակներ շարունակ ապրել է Թբիլիսիում, աստվածահաճո փափագով Լևոն և Գուրգեն եղբայրների նախաձեռնությամբ Սբ. Էջմիածին եկեղեցու բակում կանգնեցրեց գեղեցիկ խաչքար: Այն դարձավ ընտանիքի ավանդը երկու ազգերի բարեկամության ամրապնդման գործում, կարևորելով քրիստոնեության տարածման մեջ խաչքարի ազդեցիկ միջոց լինելու խորհուրդը:
Խաչքարի օրհնության արարողությունն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի ձեռամբ և հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ:
Բարձր գնահատելով Մխիթարյան ընտանիքի նախաձեռնությունը, թեմակալ առաջնորդը մաղթեց ներկաներին հավատարիմ և անսասան մնալ քրստոնեական հավատքին և հաստատուն և ամուր պահել երկու դրկից ժողովուրդների բարեկամությունը:
Մխիթարյան ընտանիքի կողմից խաչքարի սավանը իջեցրեց ընտանիքի հայրը՝ Իշխան Մխիթարյանը՝ առ Աստված աղոթք ուղղելով, որ երբեք չխաթարվի հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունը, որ ամենուրեք եկեղեցիների երկնակամարում ճախրեն միայն խաղաղության աղավնիներ:
Խաչքարի օրհնության արարողությունը իրենց ներկայությամբ հարգել էին Թբիլիսիի Սակրեբուլոյի (քաղաքի ավագանու) անդամներ Օթար Գրիգոլիան, Կախա Լաբուչիձեն և Վլադիմիր Բոժաձեն: Տոնական հանդիսությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանւթյան դիվանագետներ Աննա Սահակյանը, Դավիթ Ջանազյանը և Ավետիք Հարությունյանը:
Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ Կախա Լաբուչիձեն, անդրադարձ կատարելով հայ- և վրաց ժողովուրդների հոգեհարազատությանը, հիշեց 1989 թվականի ապրիլյան դեպքերը, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից խաչքար կանգնեցվեց նույն Հավլաբար թաղամասում Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին: Եվ ընդգծեց, որ այսօր արդեն եկեղեցու բակում տեղադրված խաչքարը եղբայրության ու բարեկամության անշրջելիության խորհուրդ ունի:
Հավարտ հանդիսության, Մխիթարյան ընտանիքի կողմից կատարվեց մատաղով հյուրասիրություն: