Վիրահայոց թեմի նախակրթարանի սաները հայոց դպրոցի ապագա առաջին դասարանցիներ
2022 թվականի մայիսի 24-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հայրական օրհնությունը ստանալուց հետո, թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի առաջնորդությամբ, նախակրթարանի ուսուցչուհի Աիդա Բազոյանի և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի ուղեկցությամբ, ապագա դպրոցականների ծնողների հետ միասին,«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի մի խումբ սաներ թիվ 104 դպրոցում հանդիսավորապես անցան առաջին դասարան ընդունվելու գրանցում:
Ապագա դպրոցականների ողջույնը կրթօջախի տնօրինությանը արտահայտվեց հայոց այբուբենի արտասանությամբ, որին հաջորդեց նաև «Հայոց տառեր» երգի կատարումը: Երեխաներին ընդունեցին դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը, ուսմասվար Ալմարի Սիրադեղյանը և նոր ուսումնական տարում առաջին դասարանի, ընդորում նաև այս երեխաների դասվար Լիլիթ Կարագյոզյանը: Երեխաները գովասանքի խոսքերի արժանացան հայերենից, թվաբանությունից, բնագիտությունից ցուցաբերած նախնական և ճանաչողական գիտելիքների, ինչպես նաև Հայոց Եկեղեցու կանոնների ճշգրիտ իմացության համար:
Դպրոցի ղեկավարներն իրենց գոհունակությունը հայտնեցին «Հայարտուն» կենտրոնին՝ բազմակողմանի պատրաստված երեխաներ դպրոց ուղղորդելու համար: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությունը և թիվ 104 հայոց դպրոցի տնօրինությունը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը Թբիլիսիում հայ երեխային հայեցի դաստիարակելու և մայրենի լեզվով կրթություն տալու ուղղությամբ:
Ապագա առաջին դասարանցիները շրջեցին դպրոցական շենքում, դիտեցին ուսուցչանոցը, գրադարանը, մարզադահլիճը և իրենց ապագա դասասենյակը:
Կենտրոնի տնօրինության կողմից մանրակրկիտ և ճշգրիտ պատրաստված փաստաթղթերի և ծնողների դիմումների հիման վրա 15 շրջանավարտ 2022-2023 ուսումնական տարին կսկսեն թիվ 104 դպրոցի առաջին դասարանում:
Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն այս տարի կտա 19 շրջանավարտ, ովքեր քաղաքի տարբեր հանրային դպրոցներում կշարունակեն ուսումնառությունը: Ուրախալի է, որ նախակրթարանի շրջանավարտներից 16-ը ուսում կստանա հայոց դպրոցում, ընդորում՝ 15-ը Թբիլիսիի թիվ 104 հայկական, մեկը՝ թիվ 103 հայ-վրացական , իսկ մնացած երեքը օտարալեզու հանրային դպրոցներում: