Արտյոմ (Արտեմ) Ալաբուլյանցի ստեղծագործական կյանքի լայն հորիզոնը
2022 թվականի մայիսի 27-ին բազմերանգ ու խոսուն կտավներով էր զարդարված Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը: Աշխատանքների ներկապնակը տարբեր էր ու խորհրդավոր, որոնք վկայում էին գեղանկարչի հարուստ երևակայության, լայն մտահորիզոնի, ներդաշնակ գույների, աշխատանքների արտահայտչականության մասին: Դրանց հեղինակը բնիկ թբիլիսեցի, մարդամոտ ու մարդասեր, մեծ հումորով օժտված Արտյոմ Ալաբուլյանցն է, ով նաև մեծ հայասեր, ազգի նվիրյալ և եկեղեցասեր անձնավորություն է, ում կարելի է հանդիպել հայ համայնքի գրեթե բոլոր միջոցառումներին և ամեն կիրակի տեսնել Հայոց Եկեղեցու Սուրբ Պատարագներին և մյուս արարողություններին:
Արդյոմ Ալաբուլյանցի ստեղծագործական լայնահուն ներաշխարհի մասին բովանդակալից բանախոսությամբ հանդես եկավ ճանաչված նկարչուհի Իրեն Օհանջանովան: Շախկապելով Ալաբուլյանցի կյանքի արվեստասեր էջերը անհատական հատկանիշների հետ, նկարչուհին հանդիսատեսին ներկայացրեց պրոֆեսիոնալ երաժիշտ, ինքնուս շնորհալի նկարիչ, մանկական մաքրությամբ և պատանեկան պարզությամբ օժտված Արտյոմ Ալաբուլյանցին:
Արտյոմ Ալաբուլյանցը, որ իր մեջընդմեջ ելույթներով ներկայացնում էր իր կտավների ստեղծման շարժառիթները, վրձնահարվածների պատմությունը և անգամ վերնագրերի ընտրությունը, նրան ճանաչողների և նրա հետ առնչվողների մոտ էլ ավելի բարձրացրեց արարելու մեծ կարողությամբ, ստեղծագործական բոհեմում ոչ հաճախակի կազմակերպվող ցուցահանդեսներով, բայց նկարիչների շրջանում բավականին ճանաչված և ի վերուստ նրան հատկացված տեղը գտած արվեստագետի ստեղծագործական նշաձողը: Ելույթ ունեցողների ասելիքը շատ էր, քանզի նրանք հնարավորություն ունեին բացելու Ալաբուլյանցի մանկության, պատանեկության, ապագա մասնագիտության ընտրության, տարբեր նվագարաններին տիրապետելու, երկար տարիներ նվագախմբում ալտ նվագելու, կտավի հետ գրաֆիկայով կամ յուղաներկով խոսելու, անկրկնելի զարդանախշեր պատրաստելու կարողության մասին: Դա հնչեց արվեստագետ Սոլոմոն Նադիմաշվիլիի, նկարիչ-ճարտարապետ Գիուլի Բերիձեի, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի, հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի, կենտրոնի էքսկուրսավար Գոհար Մազմանյանի գնահատանքի և մեկնաբանության ելույթներում:
Իրենց ներկայությամբ երեկոն գեղեցկացրել էին Արայիկ Բաբաջանյանը, Գիա Նաիրաշվիլին, Ժաննա Դավթյանը, Մերուժան Շահումյանը, Մարինա Խաչատուրովան և բազմաթիվ Արտյոմ Ալաբուլյանցին ճանաչող, նրա արվեստը և նվագակցությունը գնահատողներ:
Երեկոն հագեցած էր նաև գեղեցիկ դաշնամուրային նվագով և սոլո կատարումներով, որոնք հնչեցին երգչուհի Սվետլանա Տատոևայի, դաշնակահար Իսայի Աբովյանի, օտարազգի երգիչ Սամուէլ Օջէդոկունի կողմից:
Անկաշկանդ ու անկեղծ ջերմությամբ գեղեցիկի հետ առնչվող միջոցառումը հանդիսատեսի մոտ ստեղծեց բարձր տրամադրության, մտերմիկ հարաբերության զգացում, գնահատանքի ջերմ խոսքեր ուղղելով հեղինակին և միջոցառումը կազմակերպող Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի աշխատակիցներին: