Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը պարգևատրվեց Վրաստանի «Կանանց խորհրդի» պատվոգրով
2022 թվականի մայիսի 28-ին Վրաստանի «Կանանց խորհուրդ» հասարակական կազմակերպության պատվիրակությունը, խորհրդի գործադիր տնօրեն Քեթևան Գաբրուաշվիլիի գլխավորությամբ, այցելեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտակրթամշակութային կենտրոն: Այցի նպատակն էր Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հայտարարված թանգարանների շաբաթվա շրջանակներում, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանին, որը ներկայումս գործում է տուն-թանգարանի կարգավիճակով, փոխանցել մեկդարյա պատմություն ունեցող «Կանանց խորհրդի» Պատվոգիրը:
Հանդիպմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը: Տիկին Գաբրուաշվիլին անդրադարձ կատարեց «Կանանց խորհրդի» գործունեությանը, կարևորեց մշակույթի զարգացմանը, բարեկամության խորացմանը և բարեգործության տարածմանը միտված աշխատանքները, որոնք իրականացվում են բազմազգ Վրաստանում տարբեր ժողովուրդների մշակութային կյանքը, ավանդույթները և սովորությունները զարգացնելու և սերունդներին փոխանցելու ուղղությամբ: Տիկին Գաբրուշվիլին կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանին հանձնեց պատվոգիրը:
Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը բաշխելով ներկաներին, բարձր գնահատեց «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը, կարևորեց այն միջոցառումները, որոնք ստեղծագործական ոլորտների և ընթերցասեր հասարակայնության կողմից իրականացվում են այս տանը և հույս հայտնեց, որ նման գործունեությունը այսուհետ նույնպես կշարունակի զարգանալ և խորանալ:
Հյուրերը շրջայց կատարեցին Հովհաննես Թումանյանի պատմական տանը: