Материалы

Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը պարգևատրվեց Վրաստանի «Կանանց խորհրդի» պատվոգրով

2022 թվականի մայիսի 28-ին Վրաստանի «Կանանց խորհուրդ»  հասարակական կազմակերպության պատվիրակությունը, խորհրդի գործադիր տնօրեն Քեթևան Գաբրուաշվիլիի գլխավորությամբ, այցելեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտակրթամշակութային կենտրոն: Այցի նպատակն էր Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից  հայտարարված  թանգարանների շաբաթվա շրջանակներում, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանին, որը ներկայումս գործում է տուն-թանգարանի կարգավիճակով, փոխանցել մեկդարյա պատմություն ունեցող «Կանանց խորհրդի»  Պատվոգիրը:

Հանդիպմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը: Տիկին Գաբրուաշվիլին անդրադարձ կատարեց «Կանանց խորհրդի» գործունեությանը, կարևորեց մշակույթի զարգացմանը, բարեկամության խորացմանը և բարեգործության տարածմանը միտված  աշխատանքները, որոնք իրականացվում են բազմազգ Վրաստանում տարբեր ժողովուրդների մշակութային կյանքը, ավանդույթները և  սովորությունները զարգացնելու և սերունդներին փոխանցելու ուղղությամբ:  Տիկին Գաբրուշվիլին կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանին  հանձնեց պատվոգիրը:

Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը բաշխելով ներկաներին, բարձր գնահատեց «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի  նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը, կարևորեց այն միջոցառումները, որոնք ստեղծագործական ոլորտների և ընթերցասեր հասարակայնության կողմից իրականացվում են այս տանը և հույս հայտնեց, որ նման գործունեությունը այսուհետ նույնպես կշարունակի զարգանալ և խորանալ:

Հյուրերը շրջայց կատարեցին Հովհաննես Թումանյանի պատմական տանը:

P1

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են