Материалы

Թբիլիսիում նշվեց Սայաթնովյան «Վարդատոնը»

Համաճարակային երկամյա դադարից հետո, մայիս ամսվա վերջին կիրակի օրը, Թբիլիսիի Մեյդան թաղամասում վերստին թևածում էր Սայաթ-Նովա անզուգական երգիչ-բանաստեղծի երգն ու երաժշտությունը տոնական տրամադրություն ստեղծելով  Վրաստանի մայրաքաղաքի բազմազգ ու բազմակրոն բնակչության մոտ:

Ավանդական սայաթնովյան «Վարդատոնը», պահպանելով քաղաքի տարեգրությունում ամրագրած իր հաստատուն տեղը, այս տարի ևս նշվեց  մայիս ամսվա վերջին կիրակի օրը, 2022 թվականի մայիսի 29-ին, պահպանելով հարյուրամյա ավանդույթները, հմայքն ու գեղեցկությունը, մեծարելով Անմահ աշուղ Սայաթ-Նովայի երգարվեստում տեղ  գտած սիրո, բարեկամության, խոհական և փիլիսոփայական տաղերն ու  վարդի գեղեցկության  գովաբանությունը:

 300 տարուց ավելի սրտամոտ ու հարազատ, խոհական ու արդիական Սայաթ-Նովայի   արվեստի մեծարման գեղեցիկ ավանդույթներով հաստատված տոնահանդեսը բազմազգ Թբիլիսիում  իր շուրջն է հավաքում աշուղական երգի  սիրահարներին, Սայաթ-Նովայի արվեստի երկրպագուներին, ովքեր գալիս են Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ կարմիր վարդեր խոնարհելու հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին, սերունդներին  փոխանցելով  նրա մեծության գնահատականը,  նրա երգարվեստի, աշուղական խոսքի  անկրկնելի  այժմեականությունը և անմահությունը:

 Սայաթնովյան  «Վարդատոնը» Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ  մեկնարկեց  Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից,  Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանից: Այստեղ հավաքված տարբեր ազգի ներկայացուցիչներ, Նինոծմինդայից, Ախալքալաքից, Բաթումից, Օզուրգեթից, Մառնեուլիի Միրզոևկա և Կարմիր գյուղերից,  Հայաստանի գրողների միության պատվիրակության,  ՀՀ Իջևանից ժամանած տարբեր խմբեր իրենց ղեկավարների, առաջնորդող հոգևոր հայրերի ուղեկցությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի, «Վրաստան» թերթի, Վիրահայոց թեմի կենտրոնների աշխատակիցների և սովորողների, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների կազմով կարմիր վարդերով քայլարշավ կատարեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքի ծնունդ, ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի  հիշատակը:

285109245

Քայլարշավի մասնակիցները ծաղիկներ խոոնարհեցին  Մեյդան թաղամասում կանգնեցված Սայաթ-Նովայի խորհրդանշական հուշարձանին և  մասնակիցը դարձան Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում  Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, կիրակնօրյա  Սուրբ Պատարագի, որը  մատուցեց  արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:  

Հավարտ Սրբազան արարողության,  եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ,  Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ:  Սայաթ-Նովայի արվեստի անմահության, անզուգական Երգչի անկորնչելի հիշատակի մասին խոսք ասաց թեմակալ առաջնորդը:

Ներկաները վարդ ու ծաղիկներով, սեր ու ժպիտով զարդարեցին անմահ Սայաթ-Նովայի շիրիմը: Այնուհետև Մեյդան թաղամասում, Գորգասալի հրապարակում սկսվեց ավանդական «Վարդատոնը» տարածելով աշուղական երգը, խոսքն ու   երաժշտությունը, դառնալով  Սայաթ-Նովա երգասաց բանաստեղծի  նկատմամբ սիրո և նրա երգարվեստի անմահության դրսևորում:

285106076

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են