Երեխաների պաշտպանության օրը Վիրահայոց թեմի եկեղեցիներում
2022 թվականի հունիսի մեկը հայտարարված է երեխաների պաշտպանության միջազգային օր և աշխարհի տարբեր երկրներում այն նշանավորվում է գեղեցիկ, զվարճալի միջոցառումներով, փոքրիկներին պարգևելով մանկության նորովի բերկրանք, իսկ մեծերին հիշեցնելով, որ բոլոր երեխաները պետք է ապրեն խաղաղ երկնքի տակ, ունենան ծնողների հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ հագեցած մանկական առօրյա:
Օրը տոնական էր նաև Վրաստանի մայրաքաղաքում և տարբեր տարածաշրջաններում բնակվող հայ երեխաների համար: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ, թեմի եկեղեցիներում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ երեխաների մոտ բարձր տրամադրություն ստեղծելու և ուրախ անակնկալներ մատուցելու համար:
Թբիլիսիում, Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում մանկավարժ-դաստիարակչուհիներ Եվգենյա Մարկոսյանի, Աիդա Բազոյանի, Սյուզաննա Բրուտյանի, դայակ Երինազ Բաղդասարյանի հոգատար ջանքերով իրենց մանկության գեղեցիկ օրերը անց են կացնում մայրաքաղաքի շուրջ 40 երեխաներ, ստանում դաստիարակության և դպրոցական տարրական գիտելիքներ:Երեխաների պաշտպանության միջազգային օրը նախակրթարանի սաների համար գեղեցիկ դարձնելու և երեխաներին նվերներով ուրախացնելու էր եկել Արմեն Հովհաննիսյանն իր ասող-խոսող, երգող-պարող անկրկնելի տիկնիկների հետ: Տիկնիկագործը «գործընկեր» տիկնիկների հետ միասին երեխաներին պարգևեց լիաթոք ծիծաղ և բարձր տրամադրություն: Իսկ հետաքրքիր «Վերնակճուճ» խաղը, որին երկու թիմով ընդգրկվեցին երեխաները, բացահայտեց, թե նրանցից ով ավելի լավ գիտի հայկական հեքիաթները, արդյունքում հաղթողը արժանացավ նվերի:
Տոնական բարձր տրամադրությունը շարունակվեց Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Այստեղ երեխաներից շատերը ընդգրկվեցին ասֆալտի վրա կավճով նկարելու զվարճանքին, շատերն էլ տրվեցին դեմքերն ու ձեռքերը նախշազարդելու հաճույքին, հիացմունքով դիտելով միմյանց նոր տեսքը:
Փոքրիկների տոնը հագեցած էր նաև գեղեցիկ անակնկալներով, եկեղեցու հավատացյալ տիկին Իրինա Սարգսյանը հետաքրքիր նվերներ բաժանեց բոլոր երեխաներին, իսկ եկեղեցու խաչքավոր Սամվել Պողոսյանի կողմից երեխաները հյուրասիրվեցին տարբեր քաղցրավենիքով և պաղպաղակով: Բարձր տրամադրությունը, գեղեցիկ նվերները, գույնզգույն փուչիկները երեխաների մանկական հիշողության մեջ ամրագրեցին հունիսմեկյան տոնն ու զվարճալի միջոցառումները:
Օրը տոնական էր նաև Վիրահայոց թեմի Ռուսթավի, Բաթումի, Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի Կենտրոնների, տարբեր գյուղերում գործող նախակրթարանների սաների համար, տեղի ուսուցիչների և դաստիարակչուհիների ջանքերով կազմակերպված երգի, պարի, տարբեր խաղերի, անակնկալների և նվերների արդյունքում երեխաների համար հունիսի մեկը դարձավ հագեցած և անմոռանալի: