Հայոց պատմության դասախոսություն՝ շաղախված հայ պոեզիայի գոհարներով
2022 թվականի հունիսի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հանդիպում ՀՀ Վանաձորից ժամանած գրող, գրականագետ, պատմագետ, հրապարակախոս Կարո Վարդանյանի և ասմունքի վարպետ, արտիստ Ջիվան սարի (Սարգսյան) հետ: Միջոցոառումը նախաձեռնել էր «Ինտերկապ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ղեկավար Նորայր Զուլոյանի գլխավորությամբ և մասնակցությամբ:
Հայոց պատմության էջերից բխող հայրենասիրության ոգին էր թևածում կենտրոնի դահլիճում: Հանդիսատեսը եկել էր մաքառումներով լեցուն ազգի պատմության էջերից լսելու Ազգային հերոս, արժանավոր հայորդի Անդրանիկ Օզանյանի գործունեության, նրա անսահման հայրենասիրության, հայրենիքի պետականության, ինքնիշխանության և տարածքների պահպանության համար մղած մարտերի անտիպ էջերից: Հատկանշական է, որ դահլիճում գերազանցում էր երիտասարդների ներկայությունը:
Բացելով հանդիպումը և ողջունելով հյուրերին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը կարևորեց հայոց պատմության դասախոսությունը և հայ գրականության հայրենասիրական բանաստեղծությունների ասմունքը, որն անշուշտ մայր Հայաստանից դուրս գտնվող յուրաքանչյուր հայի կարոտն է, հայրենասիրության ոգին: Կենտրոնի ղեկավարը արժևորեց այն, որ Ինտերկապ բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած ոգեշունչ հանդիպումների շարքը մեկնարկում է Թբիլիսիից, ի մասնավորի թեմի «Հայարտուն» կենտրոնից և շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, ինչպես նաև իրականացվելու է Գերմանիայում, Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում:
Անցյալ դարի 90-ական թվականներին հիմնադրված «Ինտերկապ» բարեգործական հասարակական կազմակերպության ակտիվ գործունեությամբ և Թբիլիսիի բեռնափոխադրական կազմակերպության բարի կամքի դրսևորմամբ, 25 տարի շարունակ, տարեկան չորս անգամ իրականացվել է Վրաստանի տարածքով շուրջ 15 բեռնատարների անվարձահատույց տարանցում: Ի նշանավորում բարեգործական համագործակցության Նորայր Զուլոյանը կազմակերպության անունից շնորհակալագրեր հանձնեց համագործակցության ղեկավար Թամազ Բեքաուրիին և գործողություններին աջակցող Յուրի Ակուլյանին, Լևան Կենճաձեին և Օմարի Սիսաշվիլիին:
Ներկաները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին պատմագետ Կարո Վարդանյանի դասախոսությունը, որը ոչ միայն լեգենդար հրամանատարի հերոսական հաղթական ճակատամարտերի, հայրենասիրական մեծ ոգու մատենագրություն էր, այլև փաստարկներ և տարբեր մարդկանց հուշեր: Դասախոսությունը ներկաների մոտ ծնեց բազում հարցեր, որոնց պատասխանները խորը և գիտականորեն հիմնավորված էին:
Ասմունքի վարպետ Ջիվան սարի (Սարգսյան) հայրենասիրական բանաստեղծությունները շաղկապվեցին դասախոսության ոգուն, վերհանելով մայր հայրենիքի նկատմամբ կարոտը, հայրենիքի օրհասական ներկայի, 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերով և տարածքների կորստով պայմանավորված ցավը:
Միջոցառումն ամփոփեց արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Փոխանցելով թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը, վերջինս խոսեց հայ ժողովդի դաժան ճակատագրի, մազապուրծ փրկված և աշխարհով մեկ սփռված հայության մասին, որը պետք է ապրի, հարատևի ու բազմանա՝ պահպանելով հայի տեսակը, ապրելով հայի առաքելությամբ:
Միջոցառումը դարձավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի գեղեցիկ և բովանդակալից էջերից մեկը: